ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉ ԽԵԼԱՄԻՏ ՈՐՈՇՈՒՄ
2012թ. հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում: 2013թ. հունվարի 17-ին ակումբի ղեկավարությունը դիմել է ՀՖՖ-ին, որպեսզի, ընդունելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ Կանոնակարգերի հիմնական սկզբունքները, ակումբը գրանցի որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ եւ թույլ տա մասնակցել Հայաստանի 2013-2014թթ. գավաթի խաղարկությանը եւ առաջին խմբի առաջնությանը:
Բայց ակումբը մինչ օրս չի գրանցվել ՀՖՖ-ում, քանի որ ՀՖՖ գործկոմի որոշման համաձայն` նորաբաց ակումբը պարտավոր է 320.000.000 դրամի երաշխիք ներկայացնել ՀՖՖ-ին, որից 80.000.000 դրամը պետք է դեպոնացվի ՀՖՖ հաշվեհամարին եւ վերադարձման ենթակա է միայն ակումբի` 3 խաղաշրջաններում անընդմեջ մասնակցությունից հետո: Սա այն դեպքում, երբ Հայաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցում են բացառապես բարձրագույն խմբի դուստր թիմերը: ՀՀ սպորտի նախարարին ուղղված ակումբի նամակում նշվում է, որ «նորաստեղծ ակումբից շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք պահանջելը խելամիտ որոշում չէ». «Նույնիսկ բարձրագույն խմբում հանդես եկող շատ ակումբներ իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխություն… Հիմա հասկանում ենք, թե ինչու են աշխարհի տարբեր երկրների հայ գործարարները խուսափում հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելուց»:

ԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ԵՐԵՔԸ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում երեկ ասպարեզ դուրս եկան հայկական 3 թիմեր: Հանդիպումներից մեկը կայացավ Երեւանում, իսկ մյուս 2 խաղերը` Բալկաններում:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասար»-ը մրցեց  Ղազախստանի ընթացիկ առաջնության առաջատարի հետ: Այս զույգում բացահայտ ֆավորիտ էր համարվում «Ակտոբե»-ն. թիմն ավելի մեծ բյուջե ունի, ավելի բարձր աշխատավարձեր է վճարում խաղացողներին: Եվ այս հանդիպումն ավարտվեց 1:2՝ հօգուտ «Ակտոբե»-ի: Ղազախների ընդգծված առավելությունը խաղային պրակտիկան է. նրանց առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ մեզ մոտ ընդմիջում է:
«Փյունիկ»-ը նախկինում նման հաջող վիճակահանության չէր հանդիպել: Խոսքը ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ փուլի վիճակահանության մասին է (2-րդ փուլում մրցակիցը լինելու է «Ժալգիրիս» (Լիտվա)-«Սենտ Պատրիկս» (Իռլանդիա) զույգի հաղթողը): Բայց նախ պետք է հաղթահարել մակեդոնական «Տետեքս»-ի արգելքը: Այս թիմի հետ հանդիպումն ավարտվեց 1:1:
«Միկա»-ն միայն մեկ անգամ է կարողացել հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը: Հաճախ «Միկա»-ին բաժին են հասել բավական ուժեղ մրցակիցներ: «Միկա»-ն ունեցավ լուրջ կորուստ. դժգոհ լինելով թիմի ղեկավարության վարած քաղաքականությունից` ակումբից հեռացավ սլովակ մասնագետ Ժոլտ Հորնյակը: Ինչ վերաբերում է «Ռուդար»-ին, ապա այս թիմը պատահականորեն է հայտնվել Եվրոպայի լիգայում. Մոնտենեգրոյի առաջնությունում ավելի բարձր տեղերում հայտնված 2 թիմեր չեն ստացել ՈՒԵՖԱ-ի համապատասխան արտոնագրերը եւ իրավունք չունեն հանդես գալու եվրագավաթներում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս