ArmLur.am-ը ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության Հարևանության և բանակցությունների ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուսքեթի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը կարևորել է հանդիպման համար նախատեսված թեմաների քննարկումը և բարձր գնահատել ԵՄ աջակցությունը՝ հատկապես արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ոլորտում իրականացվելու են որակապես նոր քայլեր, որտեղ իրավական քաղաքականության համար պատասխանատուն և գլխավոր դերակատարը Արդարադատության նախարարությունն է:
Մաթիո Բուսքեթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադարձել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի ձեռքբերումներն ու անելիքները՝ ընդգծելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը, Պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արդարադատության համակարգի անկախությանը, հաշվետվողականությանն ու թափափանցիկությանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովումը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ արդարադատության համակարգի հզորացման և բարելավման առումով կա մեծ ներուժ և վստահեցրել, որ միջազգային գործընկերների աջակցությամբ նախարարությունը կանի առավելագույնը՝ համակարգի նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար: