ՋՐՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՋՐՎԵԼ` ԱՅՍ Է ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին: Այս ջրառատ տոնի մասին զրուցեցինք մի շարք հայտնի մարդկանց հետ: Պարզեցինք, թե նրանք ինչպես են անցկացնելու այդ օրն ու ինչ հիշողություններ ունեն՝ Վարդավառի հետ կապված:

ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ, հաղորդավարուհի
Ամեն օր Վարդավառ: Կարելի է ասել՝ մեր տանն ամեն օր Վարդավառ է, լողավազան էլ կա, իրար անընդհատ ջրում ենք, քանի որ շոգն իր գործն անում է: Իսկ հուլիսի 7-ին անպայման կնշենք մեր եկեղեցական տոնը:
Թող ծանր չտանեն: Այն  բոլոր մարդիկ, որոնք անգամ այդ օրը տրամադրություն չունեն, չպետք է ծանր ընդունեն, երբ իրենց ջրում են: Ես, իհարկե, Վարդավառի զոհ եղել եմ: Գյուղում մեքենաս դրսում կանգնած էր շիկացած արեւի տակ, երբ գնացի մեքենայի մոտ, բակի երեխաները շփեցին սառը ջուրը վրաս, այն թափվեց նաեւ տաք ապակուն, եւ այն ջարդվեց: Ընդ որում, այդ ճաքած դիմապակիով մինչեւ հիմա քշում եմ, ու այդ ճաքն ինձ անընդհատ հիշեցնում է Վարդավառի մասին:
Գդալով ենք ջրել: Եղել է տարի, երբ երեխաներիս հետ ծնողներիս տանն ենք եղել` Սարյան փողոցում: Ու քանի որ դա բնակարան է, իմ մայրիկն էլ փայլեցրել էր հատակը, մենք գդալով ենք իրար թեթեւ ջրել: Իմ ընտանիքը մեծ ուրախությամբ է սպասում Վարդավառին: Այդ օրը պետք է բոլորը ջրվեն:

ԱՐՄՈ, երգիչ
Տոները չի նշում: Տոներն ինձ համար առանձնապես նշանակություն չունեն: Ամեն օրն ինձ համար տոն է: Նախորդ տարիներին էլ Վարդավառը սովորականի պես է անցել, ոնց որ մնացած օրերը: Եղել եմ աշխատանքի կամ ընտանիքիս հետ:
Մանկության տարիներին: Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես ջրել եմ անցորդներին, բակի էրեխեքին: Այդ տարիքում, ոնց որ բոլորը, ինչ տեսել, նույնն էլ արել եմ:
Կմնամ տանը: Այս տարի դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ հուլիսի 7-ին: Կա՛մ քաղաքից դուրս կգնանք, կա՛մ էլ տանը կմնամ ու կհանգստանամ` իմանալով հանդերձ, որ այդ օրը տոն է, ու մարդիկ իրար ջրում են:

ՎԻԿԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, պարուհի
Տանեցիներին ջրում է: Լավ տոն է, ուրախ, բայց աշխատում եմ այդ օրը տանից դուրս չգալ, պատշգամբից բոլորին ուրախացնել: Անմիջական մասնակցություն էլ եմ ունենում, տանեցիներին եմ ջրում, մեկ-մեկ էլ բալկոնից անցորդներին, ոնց որ ինձ էին ժամանակին ջրում:
Դեռ չգիտի: Մանկության տարիներին սովորաբար բակ էինք իջնում, խաղում էրեխեքով, ջրում  փողոցով անցնող մարդկանց: Այս տարի չգիտեմ՝ ինչպես կանցկացնենք, գուցե ընտանիքով մի բան որոշենք: Բայց, անկախ ամեն ինչից, երազում ենք մեկնել հանգստի, ուղղակի այս պահին նկարահանումներս շատ են, ժամանակ չեմ գտնում:

ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆ, դերասան
Չի ջրում, չի ջրվում: Վարդավառին  առանձնապես մասնակցություն չեմ ունենում, բայց լավ տոն է, ուղղակի ես չեմ ջրում ու չեմ ջրվում: Իսկ եթե ինձ են ջրում, կռիվ չեմ անում: Պատահել է, որ երեխաները ջրել են, այդպես էլ թաց գնացել եմ տուն: Ոչ մի ահավոր բան չկա դրա մեջ: Այս տարի դեռ չգիտեմ՝ ոնց կստացվի, ուր կլինեմ այդ օրը:

ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆ, երգիչ
Նախընտրում է տանը մնալ: Եթե այդ օրը դրսում գործ չեմ ունենում, նախընտրում եմ տանը մնալ: Եթե ստիպված դուրս եմ գալիս, բնականաբար մեքենայի պատուհանները փակում եմ, որովհետեւ ամեն մարդ չի հասկանում, որ չի կարելի մեքենայի մեջ ջուր լցնել: Այդպես որ լինի, պետք է ամեն երկրորդ քայլին վիճաբանության բռնվեմ: Չեմ սիրում, երբ որեւէ տեղ ես գնում, մեկ էլ քեզ ջրում են, այլ հարց է, որ հատուկ որոշես միանալ նրանց խաղին:
Սխալ է ամեն անցորդի ջրելը: Պատանի տարիքում եղել է, երբ ընկերներով նշել ենք Վարդավառը քաղաքից դուրս, հիմա այդքան էլ ակտիվ չենք այդ հարցում: Հիշում եմ, բակի երեխաներով խաղում էինք, անցորդներին ջրում, բայց երբ մեծանում ես, գիտակցում ես, որ սխալ է ամեն անցորդի ջրելը:    

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս