Լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումն արվում է ընտրակեղծարարների պաշտպանության համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ԸՕ նախագծով նախատեսում են տեղամասերում սահմանափակել լրագրողների եւ դիտորդների թիվը` միաժամանակ թույլատրելով  տեղամասում գտնվել մինչեւ 8 լրագրող եւ դիտորդ: Այս նորամուծությունը  պատճառաբանվում է նրանով, որ թեկնածուները կարող են կայք բացել եւ վկայականներով մարդկանց ուղարկել տեղամասեր, եւ այդպիսով կուտակումներ կարող են առաջանալ ու խոչընդոտել ընտրությունների ընթացքը:

Բայց իրականում այս սահմանափակումով փորձ է արվում ընտրակեղծարարներին պաշտպանել: Ինչպե՞ս բացատրենք: Եթե տեղամասում անկախ լրագրողներ ու դիտորդներ չլինեն (իսկ սահմանափակումների դեպքում հաստատ միայն իշխանական լրագրողները կլցվեն), հանձնաժողովականները կանեն այն, ինչ ցանկանան: Զսպող ոչինչ չի լինի: ԸՕ հեղինակներին հիշեցնենք, որ 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է 23 կուսակցություն, 41 ընտրատարածքում միջինը գրանցված է եղել երկու թեկնածու, ընտրություններին հետեւել են տեղական 53 դիտորդական կազմակերպության դիտորդներ: Եւ այսքան մարդաշատության դեպքում Հայաստանի որեւէ տեղամասում մեկ դեպք անգամ չի արձանագրվել, որ դիտորդների եւ լրագրողների ներկայության պատճառով որեւէ տեղամասում ընտրությունների ընթացքը խաթարվել է: Փորձը ցույց է տվել, որ լրագրողների եւ դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների օրինական ընթացքին: Ուստի ԸՕ նախագծով առաջարկվող սահմանափակումը, որեւէ հիմք չունի, արհեստական հնարված է, ու այն պետք է վերացվի: Կամ էլ ԸՕ հեղինակներն առանց չքմեղանալու կարող են պաշտոնապես հայտարարել, որ իրենք այդպիսով ցանկանում են պաշտպանել իրենց ընտրակեղծարարներին:

Հ.Գ. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին առաջարկել է առարկությունները ներկայացնել իրեն: Ուստի ցանկանում ենք նախարարին տեղեկացնել, որ «Ժողովուրդ»-ի պաշտոնական առաջարկն է 8 հոգու սահմանափակումը վերացնել, քանի որ այն անհիմն է: Պատրաստ ենք քննարկման ժամանակ ապացուցել մեր տեսակետի հիմնավորված լինելը, ինչպես նաեւ կառաջարկենք ոսկե միջին մի տարբերակ»:




Լրահոս