ՀԱՐՑ. Ես բժշկուհի եմ եւ ունեմ վեց տարեկան երեխա: Միայնակ մայր եմ: Հիմա, բացի իմ ցերեկային աշխատաժամերից, աշխատավայրում ինձ պարտադրում են, որ գիշերային աշխատաժամեր վերցնեմ: Խնդրում եմ ասել՝ արդյոք կա աշխատանքային որեւէ օրենք, որը թույլ տա ինձ՝ որպես միայնակ մոր, հրաժարվել գիշերային հերթափոխից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 148-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչեւ տասնութ տարեկան անձանց, ինչպես նաեւ այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղի կանայք եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, իսկ 5-րդ մասի համաձայն՝ եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:
Օրենսգրքով գիշերային աշխատանքի ներգրավելու այլ սահմանափակումներ նախատեսված չեն:
նախարարության աշխատանքի
եւ զբաղվածության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք սրտի, օրենսդրությունն այս հարցում անկատար է, եւ առաջին պլան մղված է ոչ թե աշխատողի, այլ գործատուի շահը: Իհարկե հասկանալի է, թե ինչպիսի դժվարությունների առաջ կարող են հայտնվել նման անձինք, բայց, ինչպես հաճախ, այնպես էլ այս դեպքում օրենքը գործում է ի վնաս շարքային քաղաքացիների: