«Աերոֆլոտ»-ը կդադարեցնի Դոնի Ռոստով-Երևան չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 25-ից կդադարեցնի Դոնի Ռոստով-Երևան չվերթները, փոխանցում է DonDay.ru-ն:

Պաշտոնական աղբյուրների վարկածով՝ չվերթները կդադարեցվեն՝ կապված ժամանակացույցի ճշգրտման հետ: Սակայն ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ չվերթները չեղյալ են համարվում դրանց անշահութաբերության պատճառով:

Տուրարդյունաբերության մի շարք փորձագետներ նշում են, որ Դոնի Ռոստովի և Երևանի միջև ավիահաղորդակցությունը Հայաստան հասնելու միակ արագ և հարմարավետ տարբերակն էր:

«Տեղյակ եմ, որ ավիահաղորդակցությունն արդեն մյուս շաբաթ կդադարեցվի: Սակայն դա անհեթեթ որոշում է»,- մեկնաբանել է «Վարդագույն փղիկ» տուրիստական ընկերությունների ցանցի ղեկավար Ալեքսան Մկրտչյանը:

«Եթե հանկարծ «Աերոֆլոտ»-ը ցանկանա վերադառնալ, ապա դա բարդ կլինի: Դժվար է ասել, թե երբ կվերսկսվի ավիահաղորդակցությունը, դա այդքան հեշտ չէ: «Ռոսավիացիա»-ն պետք է թույլատրի այլ ավիաընկերություններին, իսկ դա 2 ամիս կտևի: Իմ կանխատեսմամբ՝ թռիչքները դեպի Հայաստան կվերսկսվեն ամռանը»,-հավելել է Մկրտչյանը:

Ընդ որում, պարբերականի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ արդեն 2 ավիաընկերություն հայց է ներկայացրել «Ռոսավիացիա»՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթները վերսկսելու համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս