Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ իրավապաշտպան Ամալ Քլունին, հարցազրույց է տվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին:
Ռադիոկայանի հետ զրույցում նա պատմել է ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայի շահերը պաշտպանելու մասին:
2016թ. հունվարին Քլունին դիմել էր մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Իսմայիլովայի ձերբակալության մասին բողոքով:
«Ես կպայքարեմ նրա շահերի համար այնքան ժամանակ, մինչ նա ազատության մեջ չհայտնվի»,- ասել է Քլունին:
«Ադրբեջանը լրագրողների ազատազրկման թվով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ, մի կազմակերպության, որի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության ապահովումը: Այդ խնդիրը պետք է մտահոգի մեզանից յուրաքանչյուրին»,- նշել է իրավապաշտպանը:
Ռադիոկայանի հետ զրույցում Քլունին, ով Լիբանանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, հայտարարել է, որ նա հայկական արմատներ չունի:
«Այն փաստը, որ ես ներկայացրել եմ Հայաստանը, չի նշանակում, որ ես հայ եմ: Ինչպես նաև այն, որ ես ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ներկայացրել եմ Կամբոջան, ինձ չի դարձնում կամբոջացի: Հունաստանի կառավարությունում ես ևս խորհրդատվություն եմ անցկացրել, բայց դրանից հույն չեմ դարձել»,- ասել է Քլունին: