Մահացել է Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին կյանքի 81-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կա թողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Դավիթ Սրբազանի վախճանը:

Մարտի 21-ին Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը ծնվել է 1935թ. Երուսաղեմում: Նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում և իտալական «Տերրա Սանտա» քոլեջում: 1951-1957թթ. սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: 1957թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1957-1960թթ. վարել է տպարանի և Գյուլբենկյան մատենադարանի տեսչությունները, միաժամանակ դասավանդել Ժառանգավորաց և Թարգմանչաց վարժարաններում: 1960թ. նշանակվել է Ամմանի (Հորդանան) հոգևոր հովիվ և Հեթումյան վարժարանի տեսուչ:

1960թ. ձեռամբ Երուսաղ եմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները: 1965թ.Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան: 1964-1973թթ. եղել է Լիոնի և շրջակայքի հոգևոր հովիվը: 1973-1976թթ. եղել է շվեյցարահայ համայնքի հոգևոր հովիվը: 1976թ. ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, ապա նշանակվել Կենտրոնական Ֆրանսիայի հայրապետական պատվիրակի փոխանորդ:1980թ. նշանակվել է Հարավային Ամերիկայի կաթողիկոսական պատվիրակ:

1983-1985թթ. ծառայել է Գերմանիայի հայկական համայնքում: 1986-88թթ. ծառայել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում: 1988թ. վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել է Սուրբ Աթոռի դիվանապետ և ընծայարանի դասախոս: 1990թ. ընտրվել է Սուրբ Աթոռի լուսարարապետ և միաժամանակ վարել կրթական ու վարչական պաշտոններ: 1991թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է արքության պատվին:1997թ. վերադարձել է ծառայության Լիոն: 1979թ. Ֆրանսիական կառավարության կողմից ստացել է §Ակադեմիական արմավենի շքանշանի ասպետի աստիճան: 1997թ. քահանայական ձեռնադրության քառասնամյակի առթիվ ստացել է Արժանիքների ազգային շքանշանի ասպետի աստիճան:

Վերջին տարիներին Դավիթ Սրբազանը, վաստակյալ հանգստի կոչված լինելով, իր հոգևոր ծառայությունը շարունակում էր բերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ֆրանսիայի հայոց թեմում:




Լրահոս