ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԸ 40 ՏՈԿՈՍՈՎ Է ԹԱՆԿԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ից  Հայաստանի քաղաքացիներին մատակարարվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները մտան ուժի մեջ: 1 կ/վ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը քաղաքացիների համար թանկացավ 8 դրամով` 30 դրամից դառնալով 38 դրամ, իսկ գազի նոր սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց դարձավ 156 դրամ: Նշենք, որ ներկայացված սակագների մեջ ներառված է նաեւ ավելացված արժեքի հարկը: Սակայն Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանգստյան օրերին Երեւանում գործող գազալցակայաններում գազի սակագինը 180 դրամից դարձել է 240: Նրա խոսքով՝ գազալցակայաններում այն ոչ թե 5 տոկոսով է թանկացել, այլ՝ 35-40:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նիստում քննարկվել էին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սահմանման  հարցերը: Եվ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ գազալցակայաններում գազը կթանկանա ընդամենը 5 տոկոսով: Սակայն Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած հայտարարեց, որ երեւանյան գազալցակայաններում գազը 5 տոկոսով չի թանկացել: «Նման բան չկա: Սուտ են ասում: Ես հայտարարում եմ, որ այն 35-40 տոկոսով է թանկացել: Օրինակ՝ միկրոավտոբուսի վարորդը նախօրեին 10 հազար դրամի գազ է լիցքավորել, իսկ արդեն երեկ՝ 13 հազար 200 դրամի: 5 տոկոսը 500 դրամ է անում, այդ ինչպե՞ս 10 հազարը դարձավ 13 հազար 200 դրամ: Եթե հավատք ունենային Աստծո նկատմամբ, ապա այս օրերին չէին թանկացնի, գոնե կսպասեին»,-նշեց Տ. Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ այս խնդիրների շուրջ պատրաստվում է նոր առաջարկություններ ներկայացնել Սերժ Սարգսյանին:  
«Ժողովուրդ»-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից տեղեկացավ, որ գազալցակայաններում գերիշխող դիրք զբաղեցնող չկա, ինչի պատճառով այն չի վերահսկվում:
33-ամյա Էդգար Գեւորգյանը երեք տարի է, ինչ տաքսի է վարում: Ապրում է իր ծնողների, կնոջ եւ երկու երեխաների հետ: Սակայն նա հիմա պատրաստվում է իր մեքենան վաճառել ու հեռանալ երկրից, քանի որ չի կարողանում այստեղ հացի գումար վաստակել. «Արդեն գազալցակայաններում թանկացել է գազը: Ես միշտ իմ մեքենան 3700 դրամի գազ եմ լիցքավորում, բայց երեկ 800 դրամ ավել վճարեցի: Բնականաբար, ուղեվարձն էլ եմ թանկացնելու: Եթե կարողանամ տեղավորվել այսօրվա գների մեջ, ապա չեմ թանկացնի, բայց միեւնույն է, եկամուտ չեմ ունենում, իսկ երեխաներս էլ ամեն երեկո, երբ տուն եմ մտնում, նայում են ձեռքերիս: Դրա համար ստիպված պետք է վաճառեմ մեքենաս ու մեկնեմ Ռուսաստան: Այնտեղ վարորդներին ե՛ւ լավ են վարձատրում, ե՛ւ մտահոգվում են նրանցով»:
Իսկ մեկ այլ տաքսու վարորդ, բացի թանկացումից, դժգոհեց նաեւ երեւանյան գազալցակայանների գազի որակից. «Անորակ գազից էլ մեքենան փչանում է: Հետո տարբեր գազալցակայաններում գները տարբեր են. մեկում 1 խմ-ն արժե 160 դրամ, մյուսում՝ 110, էն մյուսում՝ 180: Մենք էլ ստիպված օգտվում ենք, հանդուրժում: Ի՞նչ անենք, այլ ելք չունենք, գլուխներս կախ պետք է աշխատենք: Բենզին օգտագործելուց էժան է: Քաղաքակիրթ երկրների իշխանություններն իրենց քաղաքացիների մասին մտածում են, իսկ մերոնք՝ ոչ»:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տաքսու վարորդներն այլեւս հին ուղեվարձերով աշխատելու հնարավորություն չունեն. «Հիմա նրանք ստիպված պետք է բարձրացնեն ուղեվարձերը, բայց արդյոք ժողովուրդը պատրաստ կլինի դրան: Ինչպե՞ս պետք է դիմակայի այդ գներին, եթե եկամուտ չունի: Անելանելի վիճակ է: Ո՛չ կարող ես տաքսու վարորդներին մեղադրել, ո՛չ էլ գազալցակայաններին: Միայն կառավարությունն է մեղավոր»:
Հ.Գ. Ի դեպ, Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանից տեղեկացանք, որ հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա մեկ-երկու ամիսներին գազի թանկացման եւ դիզվառելիքի հետ կապված խնդիրները չկարգավորվեն:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս