ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ հեռուստատեսությունում է 1983թ.-ից: Միջին սերունդը պարոն Քոչարյանին առավելապես հիշում է 1991թ.-ից` Արտավազդ Եղոյանի հեղինակած  «3-րդ ալիք» հաղորդաշարից, որն այն տարիների համար աննախադեպ էր ասելիքի թարմությամբ եւ ներկայացման ձեւով: Իսկ թե ինչու հետո  ժամանակավոր դադար եղավ, եւ ինչու որոշում կայացվեց  փակել հաղորդումը, կիմանաք «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում:
-Հաղորդման առաջին դադարը եղավ 1999-ին, երբ մեզ Հանրային, այն ժամանակ Ազգային հեռուստատեսությունից ժպիտով դուրս հրավիրեցին, ինչպես մենք հասկացանք, վախենալով մրցակցությունից: Հետո մեզ հրավիրեց «Արմենիա» հեռուստաընկերությունը, ստեղծվեց մի նոր նախագիծ՝ «3-րդ վագոն»-ը: Մի շարք հեռուստաընկերությունների հիմքում ենք կանգնած եղել` «Կենտրոն», «Երեւան», «Հայ TV»-ում ենք եղել, նույնիսկ աշխատել ենք Միացյալ Նահանգների հայկական հեռուստաընկերությունների համար: 2005-ից էլ «3-րդ ակումբ»-ն էր եթերում: Բայց  մենք հասկացանք, որ նման նախագիծը չի հետաքրքրում այն մարդկանց, որոնք պետք է գումար ներդնեն: Ու ասացինք՝ բավական է: Արդեն 2008-ին որոշում կայացրինք փակել հաղորդումը: Ես նույնիսկ կատակով ասում եմ` մի երեւույթ, որ հասնում է կատարելության, պետք է փակել ու թանգարան դնել: Վերջերս նույնիսկ իմ նոթատետրերից մեկը գտա, որտեղ գրանցել էի իմ վարած բոլոր համերգային ծրագրերը` սկսած 1975թ.-ից, ու տեսա, թե ինչքան բարեգործական համերգներ եմ վարել: Իմ խիղճը հանգիստ է, ես իմ կյանքում շատ բարեգործություններ եմ արել, էլի կանեմ, բայց չմոռանալով իմ տարիքի ու ընտանիքի մասին:
-Քանի՞ տարի չերեւացիք եթերում:
-Մոտ 3 տարի: Վերջապես առաջարկ եղավ «Արմենիա» հեռուստաընկերությունից, եւ ես մեծ սիրով ընդունեցի: Հրաչ Քեշիշյանն ինձ հրավիրեց վարել «Երկրի գանձեր»-ը, բայց մինչ այդ ղեկավարությունն ինձ հրավիրել էր «Կենդանի մատյան»-ը վարելու: Փորձեցինք, բայց… Քանի որ ես ապաքաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքականություն չեմ սիրում ու չեմ ուզում զբաղվել, շատ սիրալիր հրաժարվեցի: Իսկ երբ Տիգրան Հեքեքյանն իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եղավ հրաժարվել «Երկրի գանձեր»-ը հաղորդումից, ինձ հրավիրեցին, նույնիսկ վստահվեց սցենարը: Հիմա ե՛ւ սցենարի հեղինակն եմ, ե՛ւ հաղորդավարը:
-Ասացիք, ապաքաղաքականացված անձնավորություն եք, մի՞թե բացարձակապես չեք հետաքրքրվում ներքաղաքական իրադարձություններով:
-Բնական է, ամեն ինչից էլ տեղյակ եմ, պարզապես ես ունեմ իմ քաղաքականությունը: Դրանք առաջին հերթին իմ հաղորդումներն են, որովհետեւ ես փորձում եմ գործով սերունդ դաստիարակել: Իմ ամբողջ կյանքում դեմ եմ եղել բոլոր քաղաքական ուժերի հանրահավաքներին, հացադուլներին, նստացույցերին, դրանք ոչ մի բան չեն տալիս: Ես գործի մարդ եմ, իմ գործի համար ծառայեցնում եմ նույնիսկ «Ֆեյսբուք»-ը, որպեսզի այդ բացասական երեւույթները քննադատեմ, լավը պրոպագանդեմ: Իսկ հրապարակից գոռալ ես չեմ սիրում: Չեմ ժխտում, 1988-ին բոլորս էլ գնացել, մասնակցել ենք, բայց ես երբեք ակտիվ չեմ եղել: Շատ բան վրդովեցնում էր ինձ, բայց նաեւ ուրախացնում էր ժողովրդի համախմբվածությունը, ինչը չկա այսօր եւ չի լինի:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ ժողովուրդը հոգնել է այդ ամեն ինչից: Հիմա տեսե՛ք, «Երկրի գանձեր»-ը հաղորդմամբ հասել ենք 1988 թվականը եւ ընկել փակուղի: Ցավալի է, որ 1988թ.-ի մասնակից քաղաքական ուժերից եւ ոչ մեկը ցանկություն չունեցավ հաղորդմանը մասնակցել: Շատերին դիմեցինք, հիմա անուններ չեմ ուզում թվարկել: Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես ենք հետո ներկայացնելու շարունակությունը… Մարդիկ արդեն հոգնել են միայն բացասական բաներ լսելով, նրանց դրական լիցքեր են պետք:
-Այս պահին ի՞նչ դրական լիցքերի մասին է խոսքը. համատարած թանկացումներ, արտագաղթ…
-Որպես քաղաքացի՝ հասկանում եմ՝ ինչ եք ուզում ասել. եթե պատմությունով նայենք, միշտ էլ եղել են նման երեւույթներ: Ո՞վ ասաց, որ կոմունիստների ժամանակ չի եղել, պարզապես մենք չէինք իմանում այդ ամենի մասին, իսկ հիմա իմանում ենք: Ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե ժողովուրդը չիմանար նման բաների մասին: Ի՞նչ են գրում մեր լրատվական կայքերը` սպանություն, ավտովթար, միայն բացասական երեւույթներն են լուսաբանում:
-Մի՞թե նախկինում էլ այսչափ ծանր սոցիալական վիճակ էր մարդկանց մոտ:
-Եղել է, իմ ծնողները նույնիսկ պատերազմ են տեսել: Ես չեմ համարում, որ այն ժամանակ ամեն ինչ հրաշալի ու փայլուն է եղել: Բայց իմ կյանքի կարգախոսը ու սկզբունքը, որով ես ապրում եմ, հետեւյալն է. «Երբեք մի՛ փնովեք անցյալը, ով փնովում է անցյալը, կփնովի ապագան»:
-Նշեցիք, որ քաղաքականությամբ չեք հետաքրքրվում, բայց Ձեր ֆեյսբուքյան էջում Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է տեղադրված:
-Նշանակում է, որ ես պետական խորհրդանիշեր հարգող մարդ եմ, անկախ քաղաքականությունից՝ ով էլ լինի հանրապետության նախագահը, ես՝ որպես քաղաքացի, պարտավոր եմ հարգել նրան: Ինչ վերաբերում է լուսանկարին, ես Ծաղկաձորում վարում էի ՖԻԴԵ-ի նախագահական նիստը, որը համընկավ իմ ծննդյան օրվա հետ: Ու չգիտեմ որտեղից, նիստից հետո նախագահը իմացել էր, որ իմ ծննդյան օրն է, եկավ, շնորհավորեց: Ահա այդ նկարի պատմությունը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս