Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 10-րդ անգամ անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայտնի կինոգործիչներ,  ժամանում են Հայաստան, ոմանք ստանում են մրցանակներ, ոմանք՝ դժգոհ վերադառնում հայրենիք, բայց մի հարց այդպես էլ իր պատասխանը չի ստանում. ի՞նչ տվեց փառատոնը հայկական կինոյին:
Այս հարցադրումն է անում նաեւ թատերագետ Լեւոն Մութաֆյանը` նշելով, որ կինոփառատոները, անշուշտ, շատ լավ են. դրանք տարվա մեջ մեկ-երկու անգամ մեզ մոտ աշխուժություն են առաջացնում, սակայն չեն կարող նպաստել ազգային կինոյի հանրահռչակմանը, որովհետեւ դրան չեն մասնակցում պրոդյուսերներ, կինոշուկայի «կարգադրիչներ». ««Ոսկե ծիրան»-ը չի կարող մեծ գործ կատարել ազգային կինոյի ճանաչողական շրջանակի ընդլայնման համար: Այլ քայլեր եւ այլ միջոցներ են հարկավոր»:
Արվեստի վաստակավոր գործիչը հենց ինքն էլ կոնկրետ քայլեր է առաջարկում. «Կինոն կարող է ավելացնել մեր բյուջետային մուտքերը, եթե ճիշտ տնտեսագիտական հաշվարկներ արվեն, եթե ճշմարիտ պետական քաղաքականություն մշակվի, եթե համացանցն օգտագործվի ազգային կինոյի քարոզչության համար, մեր «Կինո» հրաշալի ամսագիրն ունենա նաեւ անգլերեն ու ռուսերեն տարբերակներ»… Թատերագետի կարծիքով` առաջին հերթին պետք է մտածել կինոարտադրության եւ կինոպրոդյուսերինգի մասին, ինչը չունենք: Արդեն մեզ համար անհուսալիորեն կորած է «Հայֆիլմ»-ը, որը զոհ դարձավ մի քանիսի հոգու ընչասիրությանն ու Գաֆէսճյաններին… Ի դեպ, «Հայֆիլմ»-ի թեման ընդգրկուն է, որին «Ժողովուրդ»-ը կանդրադառնա առանձին:
Եվ վերջապես, հարկավոր է, որ տեղի ունենա հանդիպում-քննարկում հայ գործարարների հետ, ապացուցվի, որ հովանավորչության ժամանակն անցել է, պարզապես պետք է ներդրումներ անել եւ ակնկալել եկամուտներ: «Իսկ եկամուտներ ակնկալելու համար հարկավոր է, որպեսզի գործի դրվեն սփյուռքյան կառույցները, մեր դեսպանատները, որոնք բառացիորեն մատնված են անգործության: Անծայրածիր Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում կարող ենք մշտապես ներկայացնել մեր ֆիլմերը… Ընդամենը պետք է մշակույթի նախարարությունում ստեղծվի կինեմատոգրաֆիայի վարչություն, որն ունենա գործունեության հստակ ծրագիր, կարողանա ձեւավորել համագործակցության լայն դաշտ»,-իր խոսքը եզրափակում է թատերագետը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս