ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` աշխատանքային ստաժը ո՞ր տարիքից սկսած է հաշվարկվում։ Եվ խնդրում եմ ասեք՝ գործազրկութան ժամանակաշրջանը արդյո՞ք հաշվառվում է աշխատանքային ստաժում։
Գայանե Եփրեմյան (47 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաեւ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգեւատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:
Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնում ենք, որ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: