ԴԵՊԻ ԾՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռեւս 2013թ. հունվարին Հայաստանի, Իրանի եւ “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության միջեւ ստորագրվել էր տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում պետք է կառուցվեր Հայաստան-Իրան երկաթգիծը: Սակայն մինչ վերջերս էական որեւէ քայլեր չեն ձեռնարկվել: Ծրագրի տապալման շուրջ վերջերս հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, որը դժգոհեց հայկական կողմից՝ ասելով, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցում իրանական կողմը սպասում է Հայաստանի գործնական քայլերին, որը, սակայն, ուշանում է: Միայն դեսպանի այս հայտարարությունից հետո կարծես սայլը սկսեց տեղից շարժվել: Ըստ “Ռեգնում”-ի՝ “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն օրերս այցելել  է Իրան, որտեղ իրանական կողմի հետ քննարկել է երկաթգծի կառուցման ռազմավարության, ֆինանսավորման, դիզայնի, շահագործման կոնկրետ գործողություններն ու ժամկետները: Հիշեցնենք, որ նախատեսվող երկաթգծի երկարությունը կլինի 469,6 կմ, արժողությունը` 3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ կառուցումը կտեւի 4-5 տարի:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Հայաստանի համար կունենա միայն տնտեսակա՞ն, թե՞ նաեւ քաղաքական նշանակություն տարածաշրջանային գործընթացներում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը գտնվում են յուրօրինակ աշխարհաքաղաքական շրջապատման մեջ, եւ դա կարող է ավելի մերձեցնել ու համադրել մեր պետությունների շահերը: Ընդհանրապես, Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարելի է համարել հաջողված եւ զարգացման նոր հեռանկարներ խոստացող: Այդ տեսակետից Իրան-Հայաստան երկաթգիծը Հայաստանի եւ Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն, եւ դրա արդյունավետությունը կասկած չի հարուցում: Այսինքն՝ իրանահայկական երկաթգիծը նպաստելու է թե՛ երկու երկրների տնտեսությունների խթանմանը, թե՛ տարածաշրջանում Իրանի եւ Հայաստանի ռազմավարական նշանակության բարձրացմանը: Մի խոսքով, երկաթգծի կառուցումը լուրջ տարածաշրջանային նշանակություն կունենա եւ նպատակ է հետապնդում կապելու ասիական երկրները Եվրոպայի հետ` հանդիսանալով դեռեւս օրակարգում գտնվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագծի մի օղակը: Այսինքն՝ Հայաստանը շանս կունենա դառնալու հանգույց` իր նշանակությամբ դառնալով Եվրասիական համագործակցության կարեւորության բաղադրիչներից մեկը:
ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ
իրանահայ քաղաքագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս երկաթգծի շահագործումը մեր երկրի համար ավելի շատ կունենա տնտեսական նշանակություն, քանի որ Հայաստան-Իրան երկաթգիծը հայկական ապրանքները կարող է հասցնել Չինաստան ու Հնդկաստան:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ
տնտեսագետ    
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 575 համար




Լրահոս