Ի վերջո երբ կպատժվեն Մատաղիսի գործով ապօրինություններ կատարողները. մեկն արդեն ՃՈ պետ է, մյուսն էլ` պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 տարի առաջ Մատաղիսի զորամասում երկու զինծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, ավելի ուշ արդարացված երեք երիտասարդներն օրեր առաջ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակի հաղթանակ տարան։ Իրավունքների խախտման համար Հայաստանը նրանց պետք է վճարի 50 հազար եվրո։

Աղմկահարույց այս գործով անցնող Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Եվրադատարան էին դիմել՝ պահանջելով ճանաչել, որ իրենք ռազմական ղեկավարության կողմից խոշտանգումների ու ճնշումների էին ենթարկվել, որոնց արդյունքում Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել, թե սպանել են երկու ծառայակիցներին:

Եվրադատարանն ապացույցների անբավարարության պատճառով խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասով խախտում չի հայտնաբերել, այդուհանդերձ, արձանագրել է, որ այս մասին բողոքները Հայաստանի իրավապահները արդյունավետ քննության չեն ենթարկել: Ստրասբուրգյան դատարանն արձանագրել է նաև, որ խախտվել է Արայիկ Զալյանի՝ ազատության և անվտանգության իրավունքը:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, և անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, և այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է:

Պատասխանատվության չենթարկվեց նաև այդ ժամանակվա զինդատախազ, այժմ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ջհանգիրյանը, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էին ունեցել վերոնշյալ ապօրինությունները: Ջհանգիրանը տարիներ առաջ հայտարարում էր, որ այս երեք երիտասարդները մարդասպաններ են և պետք է պատժվեն, սակայն այժմ որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել:

Պաշտոնատար անձինք, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը հերթական կորուստներն է կրելու, շարունակում են իրենց գործունեությունը, մեկը պատգամավորի, մյուսը` ՃՈ պետի պաշտոնում: Ի վերջո, նրանք երբ պետք է պատժվեն կատարած ապօրինությունների համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան

 




Լրահոս