Ոչ գաղափարական հենքի վրա գտնվող միավորումները արհեստական են և ոչ արդյունավետ. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս ընդդիմադիր բոլոր ուժերին համագործակցության առաջարկ արեց` մասնավորապես նշելով «Ազատ դեմոկրատներ», Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին:

Օրերս էլ իր հարցազրույցներից մեկում նա հայտարարեց, թե այդ հինգ ուժերից միայն մեկն է, որ բացառել է գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միավորվելու եւ դաշինք կազմելու տարբերակը: Նկատենք, սակայն, որ մնացած քաղաքական ուժերը եւս չեն շտապում հրապարակավ արձագանքել Բագրատյանի առաջարկին:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:

-Պարո՛ն Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` համագորակցության առաջարկի հետ կապված ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

-Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը եւ մենք հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ այն իրականություն դարձնելու համար: Առաջարկ եղել է Հրանտ Բագրատյանի կողմից ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության: Մենք ընդդիմության համախմբմանը երբեք դեմ չենք եղել, բայց այստեղ կա շատ էական մի հարց: Մենք գտնում ենք, որ համախմբումը եւ, ընդհանրապես, միավորումները պետք է լինեն բացառապես գաղափարական հենքի վրա, մնացած բոլոր տիպի միավորումները արհեստական են եւ ոչ արդյունավետ:

Անհնարին է պատկերացնել, թե ինչպես կարող են, օրինակ, սոցիալիստները եւ ազատականները համախմբվել: ՀՀ-ում կան նաեւ այնպիսի քաղաքական ուժեր, որ իրենք էլ երբեմն չեն պատկերացնում, թե ինչ գաղափարախոսական հենքի վրա են գործում: Թե ինչպիսի զարգացում կունենա Բագրատյանի առաջարկը, կարծում եմ՝ 1-2 ամիս հետո արդեն տեսանելի կլինի, որովհետեւ դեռ ժամանակ կա այլ քաղաքական ուժերի մոտեցումները լսելու: Եւ ցանկացած քաղաքական ուժ, որը հստակ պատկերացումներ ունի իր անելիքների եւ մոտեցումների մասին, պետք է ձգտի իշխանափոխության, այլապես քաղաքական դաշտում նրա գոյությունը դառնում է անիմաստ:

Արփինե Թովմասյան




Լրահոս