ՕԵԿ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ՕԵԿ քաղաքական խորհրդի երեկվա քննարկման ընթացքում որոշվել է Հայաստանի տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին: Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունն Ավագ Հակոբյանի փոխարեն, որն ավելի վաղ ՕԵԿ քաղխորհրդի որոշումով հետ էր կանչվել քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից:
ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Խարբերդի մանկատան սաների խնդրին. «Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչեւ 18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում է նույնիսկ մինչեւ 35 տարեկան մոտ 100 մարդ: 18 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները, հատկապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատ, սակայն գործնականում դա հնարավոր չի լինում, քանի որ վերջինս նույնպես գերբեռնված է եւ ազատ տեղ չունի»: ՄԻՊ գրասենյակը նաեւ հայտնում է, որ այդ մասին տեղյակ են սոցապ նախարարությունում, սակայն հարցի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:
ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ
Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար, ՀԱԿ անդամ Գագիկ Վահրադյանը պաշտոնից ազատման դիմում է գրել եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Գյուղապետի դիմումը հաստատել է գյուղի ավագանին, իսկ կառավարությունը` դեռեւս ոչ: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ գյուղապետն աշխատանքից ազատման դիմում է գրում եւ արտագաղթում ՌԴ:
ՀԱԿԱՍՈՂԱՆՔԱՅԻՆ
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հայեցակարգը, որի նպատակն է ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման համակարգի ստեղծումը եւ սողանքային աղետի կառավարման բնագավառում պետական քաղաքականության վարումը: «Հանրապետությունում սողանքային երեւույթների դեմ պայքարի համակարգված, հետեւողական քաղաքականություն երբեւէ չի տարվել, հետեւաբար չի եղել համապատասխան ռազմավարություն»,-«Առավոտ»-ին ասել է Երիցյանը:
ԿՎՃԱՐԵՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. փետրվարի 19-ին կայացրած վճռով ՀՀ կառավարությունը պարտավոր է մինչեւ օգոստոսի 19-ը 3600 եվրոյին համարժեք դրամ վճարել ՀՀ քաղաքացի Էմիլյա Մելիքյանին դեռեւս 10 տարի առաջ նրա իրավունքը խախտելու համար: 1986-2005թթ. Է. Մելիքյանն աշխատել է «Պարեն» գիտաարտադրական եւ նախագծային ՊՓԲԸ-ում, եւ այն բանից հետո, երբ որոշվել է հիմնարկը մասնավորեցնել, Մելիքյանն ու իր աշխատակիցները դիմել են կառավարությանը` պահանջելով, որ գույքը մասնավորեցվի իրենց` ուղղակի վաճառքի միջոցով: Կառավարությունից կոլեկտիվին տեղեկացրել են, թե ընդունված որոշման համաձայն՝ մասնավորեցումը կատարվելու է բաց մրցույթի միջոցով: Սակայն կառավարությունը հրապարակավ ընդունել է մի որոշում, իսկ նախագահի վավերացմանն է ներկայացվել մեկ այլ տեքստ, որտեղ մրցույթին վերաբերող պարբերությունը փոխարինվել է երրորդ անձին ուղղակի վաճառքի միջոցով մասնավորեցնելու մասին պարբերությամբ: