Ուշագրավ մանրամասներ Վանաձորի քաղաքապետի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը 2015թ. նոյեմբերին գրել էր, որ Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին:

Դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի քանի օր անց Սամվել Դարբինյանի բարեկամի դիմումի հիման վրա Լոռու մարզի դատախազությունը որոշում կայացրեց հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Հարուցված քրեական գործից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ»-ին այս գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ իրավապահները հարցաքննել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ տեղեկացրել, որ ազգական Վ. Դարբինյանը իր դեմ բողոք է ներկայացրել, սակայն վերջինս ասել է, թե այդ ամենի հետ կապ չունի: Իսկ Վ. Դարբինյանը շարունակում է պնդել իր բողոքը:

Նշենք, որ բացի Ս. Դարբինյանից՝ իրավապահները հարցաքննել են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների, որոնք, ամենայն հավանականությամբ, պաշտպանել են իրենց քաղաքապետին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ իրավապահները կանգնել են բարդ խնդրի առաջ: Բանն այն է, որ մի կողմից բողոքող անձը պնդում է իր դիմումի հավաստիությունը, իսկ Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանն ասում է, թե չի ցանկացել խլել իր ազգականի երթուղին: Ու իրավապահները պետք է տարբերեն թացը չորից:




Լրահոս