Ընտրական օրենսգրքի աչքաթող արած թակարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մոտ երկու շաբաթ է՝ քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները քննարկում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, բոլորի ուշադրության կենտրոնում ընտրությունների կազմակերպման հետ կապված խնդիրներն են, իսկ կարեւորագույն նորամուծություններից մեկը, որը կարող է ճակատագրական դառնալ ընդդիմադիր կուսակցությունների համար, այդպես էլ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում:

Խոսքը ԸՕ նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ կետի մասին է, որով առաջարկվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակը ունենա երկրորդ մաս, որում պետք է ընդգրկվեն «ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»: Նույն կետի վերջին պարբերությամբ սահմանվում է. «Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 եւ ոչ ավել, քան 4 ներկայացուցիչ:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուն կարող է ընդգրկվել նաեւ ընտրական ցուցակի առաջին մասում»: ԸՕ նախագծի 95-րդ հոդվածի 12-ր կետն էլ սահմանում է ազգային փոքրամասնություններին հասանելիք 4 մանդատների բաշխման հատուկ կարգը, որը կապ չունի ԱԺ-ի ձեւավորմանը մասնակցող քաղաքական ուժերի ստացած ընդհանուր մանդատների հետ:

2011 թվականի հոկտեմբերի մարդահամարի արդյունքներով Հայաստանում առավել խոշոր համայնքներ ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիները` 35 հազար 308 բնակիչ, ռուսները` 11 հազար 911, ասորիները` 2 հազար 769, եւ քրդերը` 2 հազար 162: Նշված չորս ազգություններից բացի՝ Հայաստանում համայնքներ ունեն նաեւ ուկրաինացիները, հույները, վրացիները եւ պարսիկները, որոնց համայնքների բնակիչների թվակազմը 2011-ին համապատասխանաբար եղել է 1 հազար 176, 900, 617 եւ 476 մարդ:

Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները քաղաքական հարցերում մշտապես պահպանել են չեզոքություն: Հայաստանի քաղաքական կյանքի ամենալարված շրջաններում անգամ երբեւէ չի եղել դեպք, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը քաղաքական կողմնորոշում դրսեւորի: Այս մոտեցումը բնական եւ հասկանալի է:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գիտակցում են, որ իրենց կողմից քաղաքական կոնկրետ տեսակետ արտահայտելը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ իրենց համայնքի համար: Իրենց քաղաքական հայացքների պատճառով ազգային փոքրամասնությունները կարող են խնդիրներ ունենալ իշխանությունների կամ իրենց կողքին ապրող ընդդիմադիր հայացքներ ունեցող հարեւանների հետ: Այդ իսկ պատճառով էլ եզդիները, քրդերը, ասորիները եւ նույնիսկ ռուսները նախընտրում են չեզոքություն պահպանել:

Ի դեպ, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները նույն կերպ են վարվում: Աշխարհի բոլոր երկրում հայկական համայնքները նախընտրում են քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել, ծայրահեղ դեպքում նրանք միայն իշխանությունների օգտին են արտահայտվում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում:
Վերը բերված թվերով ներկայացված է ազգային փոքրամասնությունների բնակչության ամբողջ թվակազմը: Իսկ եթե նրանց նկատմամբ կիրառենք նաեւ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ չափանիշները` 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի եւ հայերենի լավ իմացությամբ, կարող է պարզվել, որ այդպիսինների թիվը շատ փոքր է:

Այսինքն՝ այս պահից իսկ կարող ենք համոզված լինել, որ ընդդիմադիր կուսակցությունների առնվազն մեծ մասին չի հաջողվի իրենց համամասնական ցուցակներում ընդգրկել երկուական եզդի, ռուս, ասորի եւ քուրդ, թեկնածուներ: Ինչի պատճառով նրանք չեն կարողանա ԱԺ ընտրություներին մասնակցել:

Ի դեպ, կարող է հարց ծագել՝ իսկ ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը, քանի որ ազգային փոքրամասնություններին խորհրդարանում տեղեր տալը սահմանված է նաեւ ՀՀ նոր Սահմանադրությամբ: Ու եթե ՀՀ իշխանությունների խնդիրը ընդդիմության համար խնդիրներ ստեղծելը չէ, ապա նրանք կարող են ազգային փոքրամասնություններին իրավունք տալ, որպեսզի նրանք իրենք ընտրեն իրենց պատգամավորներին:

Այսինքն՝ քանի որ նախատեսվում է մեկական մանդատներ տալ Հայաստանում բնակվող եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի համայնքներին, ապա նրանք կարող են իրենք ընտրել իրենց պատգամավորին եւ ներկայացնել ԿԸՀ: Այսպիսով ազգային փոքրամասնությունները խորհրդարանում կունենան իրենց պատգամավորներին, եւ այդ հանգամանքը որեւէ կերպ չի ազդի ընդհանուր ԱԺ ընտրությունների վրա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս