Տավուշի մարզի խավար դարպասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում խաղող ընդունող, այն վերամշակող ընկերություններից միայն Իջեւանի գինու, կոնյակի գործարանն է, որ պարտք է սահմանամերձ մարզի խաղողագործներին: Տավուշում խաղող ընդունող մյուս ընկերությունները մթերած հումքի դիմաց վճարել են: Ի դեպ, «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, սկսած 2010 թվականից, նախորդ տարիներին եւս ուշացրել է մթերված հումքի դիմաց վճարումները: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը մարզի խաղողագործների հետ կնքված պայմանագրեր ունի, որոնցով հաստատված ժամանակացույցով վճարում է կես տարի առաջ մթերված խաղողի դիմաց:

Ըստ Վ. Սուքոյանի՝ այդ վճարումները կկատարվեն մինչեւ ապրիլի 1-ը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը տեղյակ չէր, թե գործարանը դեռ ինչքան գումար է պարտք Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների խաղողագործներին: Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Արտոմ Եգորյանի հետ, ով գործարանի` գյուղացիներին ունեցած պարտքի վերաբերյալ մեր հարցին արտառոց պատասխան տվեց` ասելով, թե այդ մասին մեկ այլ լրատվամիջոցի ինքը հարցազրույց է տվել եւ այդ թեմայով այլեւս չի ցանկանում լրագրողներին տեղեկատվություն տալ: Նա չցանկացավ հայտնել, թե որ լրատվամիջոցին է հարցազրույց տվել եւ ինչից է դժգոհ:

Ինչեւէ: Ուսումնասիրեցինք Իջեւանի գինու գործարանի ինտերնետային կայքը, որտեղ տեղեկություններ կային գործարանի պատմության արտադրանքի, առաքման շուկաների, բայց ոչ խաղողագործներին ունեցած պարտքի մասին: Շքեղ, եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, կայքում գովազդային արտահայտություններ կան, օրինակ՝ «Իրավմամբ, Իջեւանի գինու գործարանը համարվում է Տավուշի մարզի դարպասը եւ իր անկրկնելի արտադրանքով աշխարհին է ներկայացնում Տավուշի մարզը եւ Հայաստան աշխարհը»: Նկատենք, որ Իջեւանն իր աշխարհագրական դիրքով Տավուշի մարզի կենտրոնում է եւ չի կարող մարզի դարպասը հանդիսանալ: Գինու գործարանն էլ գտնվում է Իջեւանի հարավային մուտքին: Բացի այդ` լավ կլիներ, որ ձեռնարկության ղեկավարությունը գործարանի շենքի ճակատին մի քանի էլեկտրական լամպ տեղադրեր, որ գիշերները մարզկենտրոն Իջեւանի հարավային մուտքը՝ «Տավուշի մարզի դարպասը» խավարի մեջ չկորեր:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս