Հայտնի իրողություն է` որքան երկիրը կոռումպացված է, այդքան ուռճացված պետական ապարատ ունի: Հայաստանը այս իրողությունը հաստատող երկրներից մեկն է, որի պետական ապարատի հենց միայն ավտոպարկը արդեն իսկ խոսուն կերպով ցույց է տալիս, թե ինչպես են պետական պաշտոնյաները աղքատ Հայաստանի հարկատուների միջոցները քամուն տալիս:
Մինչդեռ եվրոպական զարգացած երկրներում, օրինակ՝ Դանիայում եւ Մեծ Բրիտանիայում, ծառայողական մեքենաները անհամեմատ ավելի քիչ են: Հայ պաշտոնյաներն այս հիշեցմանն ի պատասխան` արդարանում են, թե Դանիայում դա արվում է ոչ թե խնայողություններից, այլ բնապահպանական նկատառումներից ելնելով` մոռանալով, որ Հայաստանում բնապահպանական վիճակը անհամեմատ ավելի վատթար է, քան Դանիայում, իսկ մայրաքաղաքի օդի աղտոտվածության ցուցանիշներն էլ` անհամադրելի որեւէ եվրոպական երկրի հետ:
Նկատենք, որ պետական կառույցներից հետ չեն մնում նաեւ համայնքային մարմինները, որոնց թվում առաջատարն, իհարկե Երեւանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից խնդրեց ներկայացնել ծառայողական մեքենաների ցանկը, որից պարզեցինք, որ մայրաքաղաքի իշխանություններին այսօր սպասարկում է 62 ծառայողական մեքենա: Ընդ որում, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ որոշ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ավագանու խմբակցությունների աշխատանքային գործառույթների իրականացման նպատակով շահագործվում են ինչպես Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, այնպես էլ Երեւանի ենթակայության «Երեւանտրանս» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ:
Ըստ այդմ, «Երեւանտրանս» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված եւ Երեւանի քաղաքապետարանին սպասարկող ավտոմեքենաները կազմում են 18 հատ, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների խմբակցությունների ավտոմեքենաները՝ 44: Ինչպես հայտնի է՝ պետական գերատեսչությունները սովորաբար ձեռք են բերում նոր, ոչ թե օգտագործված մեքենա: Քաղաքապետարանի կողմից «Ժողովուրդ»-ին տրամադրած ցանկում ներառված է 4 հատ «Լադա 21214» մակնիշի ավտոմքենա, 4 հատ «Լադա 21723», 5 հատ «Լադա 21703-135-01», 3 հատ՝ 2011 թվականի արտադրության «Հունդաի Սոմատա», 16 հատ «Կիա Սերատո», 1 հատ «Մազդա 6», 6 հատ «Կիա Օպտիմա», 4 հատ էլ «Նիսսան Թեանա» մակնիշի ավտոմքենաներ:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց մեքենաների վաճառքով զբաղվող կայքէջերում եւ արձանագրեց, որ քաղաքապետարանի ծառայողական մեքենաների գները տատանվում են հիմնականում 15-ից 20 հազար դոլարի սահմաններում: Օրինակ՝ «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենան Հայաստանում վաճառվում է 15 հազար 700 դոլարից սկսած, իսկ «Մազդա 6»-ը՝ 20 հազար դոլարից սկսած: «Հունդայի նյու էլանտրա» մակնիշի մեքենայի արժեքն էլ 18 հազար դոլարից է սկսում: «Կիա Սերատո»-ի գինը նույնպես սկսում է 14-15 հազար դոլարից: Իսկ, ահա, «Նիսսան Թեանա» մակնիշի ավտոմքենայի գինը սկսում է 21 հազար դոլարից:
Նշենք, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված եւ քաղաքապետարանին սպասարկող ավտոմեքենաների ցանկում տեղ է գտել մեկ «Մերսեդես-Բենց S-550» մակնիշի ավտոմեքենա, որի գինը Հայաստանում տատանվում է 100-120 հազար դոլարի սահմաններում: Եւ ինչպես հայտնի է՝ այս մեքենայով շրջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Իսկ «Նիսսան X-Թրաիլ» մակնիշի մեքենայի գինը կրկին սկսում է 20 հազար դոլարից:
Անդրադառնանք քաղաքապետարանի կողմից իրականացված բենզինի գնման գործընթացին. 2016 թվականի համար գնվել է 73 200 լիտր պրեմիում տեսակի բենզին՝ 30 մլն 744 հազար դրամ ընդհանուր գումարով: Յուրաքանչյուր լիտրի դիմաց վճարվել է 420 դրամ, այն դեպքում, երբ բենզինի 1 լիտրը այսօր ՀՀ-ում վաճառվում է 400 դրամով: Իսկ ռեգուլյար տեսակի բենզինը քաղաքապետարանը ձեռք է բերել լիտրը 405 դրամով` 86 հազար 80 լիտրի դիմաց վճարելով 34 մլն 862 հազար 400 դրամ: Նկատենք, որ այստեղ նույնպես քաղաքապետարանը գերավճար է կատարել, քանի որ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն այսօր վաճառվում է 380 դրամով, այսինքն` 25 դրամով ավելի էժան:
Բացի այս, 46 հատ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է մոտ 1 մլն 800 հազար դրամ: Իսկ մարդատար 47 ավտոմեքենայի պահպանման ծառայության համար հատկացվել է 211 մլն 500 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր մեքենայի համար հատկացվել է 4.5 մլն դրամ:
Քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին տրամադրած ցանկի համաձայն` քաղաքապետարանի ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը կազմում է 62, որոնց սպասարկման համար գնվել է 159 հազար 280 լիտր բենզին: Այս թիվը եթե բաժանենք ծառայողական մեքենաների թվի՝ 62-ի վրա, ապա ստացված թիվը կրկին բաժանենք Հայաստանում միջին աշխատանքային օրերի թվի՝ 220-ի վրա, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ծառայողական մեքենային օրական տրամադրվում է մոտ 12 լիտր բենզին: Այսպիսով, քաղաքապետարանի աշխատակիցները օրական մինիմում 100 կիլոմետր պետք է անցնեն, որպեսզի սպառեն օրական հատկացված 12 լիտր բենզինը:
Նշենք, որ 2015 թվականի տվյալներով՝ Հայաստանում 1072 ծառայողական մեքենա կա, Մեծ Բրիտանիայում՝ 190, Դանիայում՝ 23: Հուսանք սա հաշվի առնելով՝ մեր կառավարությունը կսահմանափակի ծառայողական մեքենաների վրա կատարվող ծախսերը: Ի վերջո, վարկերի բեռան տակ կքած եւ պաշտոնապես 34 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում փողը ծախսելու ավելի հրատապ եւ կարեւոր տեղեր կան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ