ՄԻՊ-ի բողոք-նամակը՝ ՌԴ օմբուդսմենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորև ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը.
“Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:
Օրենսդիրը, սահմանելով ,ոչնչովե եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս՚ նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:
Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար:
Հարգանքով`
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ”




Լրահոս