Ինչպես Հայաստանի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ պետությունն իր եկամուտների մի զգալի մասը, տվյալ դեպքում՝ գրեթե մեկ հինգերորդը, ծախսում է վարկերի վրա:
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 519 միլիարդ 500 մլն դրամ, կամ նույն է, թե 5 միլիարդ 120 մլն 400 հազար դոլար: Այս տարվա մարտի ընթացքում, երեկվա դրությամբ, միայն թողարկված պետական պարտատոմսերի հաշվին պետական պարտքի թիվն արդեն իսկ հասցրել է աճել եւս 7 միլիարդ 500 մլն դրամի չափով: Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեով պլանավորված է, որ եկամուտներն այս տարի պետք է կազմեն 1 տրիլիոն 194 միլիարդ 505 մլն դրամ:
Ընթացիկ տարում պետբյուջեից պետական պարտքի մարման համար հատկացվելու է առնվազն 117 միլիարդ 400 մլն դրամ: Դրանից բացի եւս 100 միլիարդ 600 մլն դրամ էլ նախատեսվում է ծախսել տոկոսավճարների վրա: Ի դեպ, դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ նշված թվերը եւս կարող են ավելանալ: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ ստացվում է, որ պետական պարտքի սպասարկման համար 2016 թվականին ծախսվելու է առնվազն 218 միլիարդ դրամ, որը կազմում է մեր պետական բյուջեի եկամուտների 18,4 տոկոսը` շուրջ մեկ հինգերորդը:
ՀՀ կառավարության «Պարտքի կառավարման 2016-2018 թվականների ռազմավարական ծրագիր» անվանումը կրող փաստաթղթի համաձայն, որը հրապարակվել է անցած տարվա հուլիսին, 2016 թվականին Հայաստանի պետական պարտքը պետք է կազմեր 2 տրիլիոն 431 միլիարդ 100 մլն դրամ, որը կլիներ ՀՆԱ-ի 49,4 տոկոսը: Սակայն, ինչպես արդեն նշել ենք, այս տարվա մարտի 1-ի դրությամբ պետական պարտքն արդեն իսկ տարվա համար նախատեսված ցուցանիշը գերազանցում է մոտ 90 միլիարդ դրամի չափով: Այսինքն՝ իրականում Հայաստանի ներկա պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 51,2 տոկոսը: Այլ կերպ ասած՝ այսօր այն ամենը, ինչ ստեղծվում է Հայաստանում, կլինեն դրանք պատրաստի արտադրանքներ, թե ծառայություններ, դրանց կեսից ավելին արդեն իսկ մենք պարտք ենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնցից ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը պարտքով գումարներ են վերցրել:
Ավելին ակնհայտ է, որ այս տարվա վերջին պետական պարտքի ցուցանիշը զգալիորեն կավելանա եւ կգերազանցի 2017 թվականի համար ծրագրված թիվը: Բանն այն է, որ երբ անցած տարի վերը նշված ծրագիրը կազմել են, ենթադրվել է, որ Հայաստանի պետական պարտքը 2017-ին նոր միայն կհասնի 2 տրիլիոն 524 միլիարդ դրամ ցուցանիշին: Սակայն իրականությունն ավելի դաժան է, եւ կառավարության կանխատեսումներն առնվազն մեկ տարով հետ են իրականությունից:
Պետական պարտքի ծավալների աճը մտահոգիչ չէր լինի, եթե մենք համոզված լինեինք, որ այդ գումարները ծախսվում են նպատակային եւ, ի վերջո, հանգեցնելու են տնտեսության զարգացմանը: Սովորական ընտանիքների օրինակով էլ այդպես է. մի ընտանիք վարկերը վերցնում եւ իր կենցաղն ու տնտեսությունն այնպես է բարելավում, որ դրա շնորհիվ իրենց եկամուտները ավելանում են, տվյալ ընտանիքի կյանքը դառնում է ավելի բարեկեցիկ, քան մինչեւ այդ էր, վարկն էլ ընտանիքի համար պատուհաս չի դառնում, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ ընտանիքի գլուխը վատ կառավարիչ է լինում: Արդյունքում նա այնքան է վարկեր վերցնում եւ մսխում, որ ընտանիքը կորցնում է ամեն ինչ:
Այդ կործանարար ընթացքը միայն մեկ ճանապարհով կարող է դադարեցվել. ընտանիքի անդամները պետք է իրենց մեջ ուժ գտնեն եւ իրենց հարազատին զրկեն տնտեսությունը կառավարելու հնարավորությունից: Այդ դեպքում, իրենք կկարողանան իրենց ընդհանուր տնտեսությունը փրկել եւ միգուցե հաջողվի նաեւ իրենց հարազատին բուժել` հարբեցողությունից եւ խաղամոլությունից:
Վերը բերված բանաձեւը ամբողջովին կիրառելի է նաեւ պետության պարագայում: Եթե իշխանության ղեկին կանգնած են մարդիկ, որոնց կյանքի նպատակը պետական միջոցները գրպանելն է, ապա նրանց ցանկացած նախաձեռնություն, ի վերջո, հանգեցնելու է ընդհանուր պետության տնտեսության վիճակի վատթարացմանը: Այդ բացասական զարգացումները կարող են արագանալ կամ դանդաղել արտաքին տնտեսական ազդակներով պայմանավորված: Սակայն միանշանակ է, որ նման պայմաններում տնտեսության զարգացման տարբերակը բացառվում է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ