ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավարտվեց հուլիսի 7-ին մեկնարկած “Ոսկե ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնը: Արդեն հայտնի են “Ոսկե” եւ “Արծաթե” ծիրանների արժանացած ֆիլմերը:
Միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակին` “Ոսկե ծիրան”-ին, արժանացավ  ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի (Սերբիա, 2013թ.) “Պարունակներ” ֆիլմը, երկրորդ մրցանակին` “Արծաթե ծիրան”-ին` ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի (Իրան, 2013թ.) “Փարվիզ” ֆիլմը: Իսկ ժյուրիի հատուկ մրցանակը տրվեց “Մեջտեղում ինչ-որ տեղ” ֆիլմին` (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012թ.):
Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ ռեժիսոր Սվյատոսլավ Ստոյանովի (Բուլղարիա, 2013թ.) “Սեւ ծովի վերջին ծովահենները” ֆիլմը, իսկ հատուկ մրցանակը` ռեժիսոր Մահդի Ֆլեյֆելի “Աշխարհ, որ մերը չէ” ֆիլմը: 
“Հայկական համայնապատկեր” անվանակարգում գլխավոր մրցանակը` “Ոսկե ծիրան”-ը, բաժին հասավ ռեժիսոր Մարիա Սահակյանի (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013թ.) “Այդ ես չեմ” ֆիլմին, երկրորդ մրցանակը` “Արծաթե ծիրան”-ը՝ ռեժիսոր Լուսին Դինքի (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013թ.) “Սարոյանլենդ” ֆիլմին:  
“Կորիզ” կարճամետրաժ ֆիլմերի մրցութային գլխավոր մրցանակը հանձնվեց ռեժիսոր Լեոն Պրուդովսկու (Իսրայել, 2012թ.) “Բարի գալուստ եւ ցավակցում ենք” ֆիլմին, ժյուրիի հատուկ մրցանակները` ռեժիսոր Լուկաշ Օստալսկու (Լեհաստան, 2013թ.) “Մայրը” եւ ռեժիսոր Էլմար Իմանովի (Գերմանիա, 2012թ.) “Դագաղագործի ճոճանակը” ֆիլմերին: Իսկ ահա ժյուրիի խրախուսական մրցանակը ստացավ ռեժիսոր  Էրիկ Շմիթի (Գերմանիա, 2013թ.) “Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը” ֆիլմը:
Ֆիպրեսի ժյուրիի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Սալեմ Սալավաթիի (Իրան 2013թ.), “Վերջին ձմեռը” ֆիլմին:  
Էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռուսուդան Չկոնիայի (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.) “Ժպտացե՛ք” ֆիլմը, իսկ խրախուսական մրցանակին` ռեժիսոր Դարյա Օնիշչենկոյի (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012թ.) “Արեւելաբաղձություն” ֆիլմը:
Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի (Հայաստան/Լիբանան/Քաթար, 2012թ.) “Անթեղ” ֆիլմին:
Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակին արժանացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի (Հայաստան, 2013թ.) “Ընդհատված մանկություն” ֆիլմը: 
Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1200 հայտ աշխարհի 94 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկված էր 90 ֆիլմ: “Կորիզ” կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավարն էր կինոռեժիսոր Արամ Շահբազյանը, “Հայկական համայնապատկեր” մրցութային ծրագրի ղեկավարը` կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, “Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ”-ի ժյուրին գլխավորում էր հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն, իսկ “Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ”-ի ժյուրին` 2012թ. “Ոսկե ծիրան”-ի դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: 
Ռ. Թաթոյան




Լրահոս