Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել է հիմնադրամի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել արտահանմանը միտված պետական աջակցությանը, ներդրումների խթանմանը և զբոսաշրջության զարգացմանը: Մասնավորապես, հիմնադրամի ծրագրերն ուղղվել են մշակող արդյունաբերության, այդ թվում՝ գյուղմթերքների, խմիչքների, դեղագործության, ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, ճշգրիտ ճարտարագիտության և այլ ոլորտներում գործող ընկերությունների զարգացմանը: Աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 600 կազմակերպությունների, բացահայտվել են 1100 նոր գործընկերներ, ինչի արդյունքում աջակցություն ստացած ձեռնարկություններն, ընդհանուր առմամբ, իրականացրել են 18 միլիարդ դրամի արտահանում: 2015-ի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են 13 գործարար համաժողովներ՝ ՌԴ-ի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Իրանի, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների գործընկերների հետ: Համաժողովներին մասնակցել են 1100 հայ գործարարներ՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Հիմնադրամի կողմից սուբսիդավորվել է 16 ընկերության վարկային ծրագիր, ինչի արդյունքում այդ ձեռնարկությունների տարեկան արտահանման ծավալը կազմել է 13 մլրդ դրամ: Համաֆինանսավորվել է նաև արդյունաբերական ոլորտում գործող, այդ թվում՝ դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ զբաղվող 9 ընկերությունների 13 հայտ՝ միջազգային սերտեֆիկատների ստացման և դեղերի գրանցման համար՝ արտերկրի շուկաներում արտահանում ապահովելու նպատակով: Սերտեֆիկացման հիմնական երկրներն են եղել՝ ԵՄ պետությունները, ԱՄՆ-ը, Կանադան, Վրաստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան:
Ներկայացված հաշվետվությունից հետո խորհրդի անդամներն իրենց դիտարկումները, մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամի գործունեության, նպատակների և ծրագրային ուղղությունների վերաբերյալ: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կարևոր մոտեցումներ ունի հիմնադրամի գործունեության կառուցվածքի, նրա առջև դրված խնդիրների վերանայման, իրականացվող ծրագրերի արդյունավետության հետևողական բարձրացման առնչությամբ: Գործադիրի ղեկավարը կարևորել է ծրագրերի առավելագույնս արդյունավետ և թափանցիկ իրականացումը և առաջարկել խորհրդի բոլոր անդամներին սեղմ ժամկետում իրենց տեսլականը ներկայացնել հիմնադրամի կանոնադրության, կառուցվածի վերաբերյալ՝ դրանք վերանայելու, թերություններն արագ վերացնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար: Վարչապետն ընդգծել է, որ նշված ուղղություններով խորհուրդն ունի լուրջ անելիքներ: