Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա հունվարի վերջին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ապամոնտաժվեց ադրբեջանցիների համազգային կուռքի` Հեյդար Ալիեւի արձանը` այդպիսով խայտառակ ապտակ հասցնելով ազերիների ինքնասիրությանը:
Սակայն պարզվում է, որ այդ քայլը դաս չեղավ ազերիների համար. նրանք որոշել են այս անգամ էլ ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Մշակույթի եւ հանգստի կենտրոնական այգում «Բաքու-Վոլգոգրադ բարեկամության պուրակ» կառուցել ու այնտեղ Հեյդար Ալիեւի հուշարձանը տեղադրել: Այդ նախագիծն էլ, ինչպես վկայում են ռուսական լրատվամիջոցները, դժգոհությունների ալիք է բարձրացրել: Վոլգոգրադցիներից շատերը քաղաքի սրտում «ադրբեջանական անկյուն» ստեղծելու ծրագիրը որակել են «անհեթեթ» ու «անհեռատես», ոմանք էլ՝ ապօրինի: Մասնավորապես, ռուս քաղաքագետ Կոնստանտին Գլուշենոկը նշել է, որ նման որոշումները պետք է ընդունվեն միջպետական մակարդակով: Ապա հավելել է. «Ո՞վ է Ռուսաստանի համար Հեյդար Ալիեւը, որ նրա հուշարձանը տեղադրում են Վոլգոգրադի կենտրոնում: Մենք ունենք բավական թվով հերոսներ, որոնց անուններն արժանի են հավերժացման: Մենք պետք է պատվենք մեր հերոսներին, ոչ թե օտար նախագահների արձանները կանգնեցնենք»: Իսկ մշակութային ժառանգության հարցերով հայտնի փորձագետ Գալին Շիպիլովան հետաքննություն է անցկացրել ու պարզել, որ Մշակույթի եւ հանգստի կենտրոնական այգու վերակառուցումն ապօրինի է:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են նաեւ որոշ մանրամասներ այդ նախագծից: Պարզվում է, որ Վոլգոգրադ քաղաքի Մշակույթի եւ հանգստի կենտրոնական այգում «Բաքու-Վոլգոգրադ բարեկամության պուրակի» կառուցումն իրականացվում է` ըստ Վոլգոգրադի կառավարության եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի (հիմնադրամի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինն է՝ Մեհրիբան Ալիեւան) միջեւ կնքված համաձայնագրի: Ինչպես միշտ, ազերիները պարզապես կաշառել են վոլգոգրադցիներին. հիմնադրամը համաձայնել է սեփական միջոցներով բարեկարգել այգու մի մասը (շատրվաններ, նստարաններ տեղադրել, կանաչապատել տարածքը)՝ դրանով իսկ թույլտվություն ստանալով Վոլգոգրադում կանգնեցնել Հեյդար Ալիեւի արձանը, Հայրենական պատերազմի տարիներին զոհված ադրբեջանցիների հիշատակին նվիրված հուշատախտակ տեղադրել եւ «Բաքու» անունը կրող սրճարան կառուցել:
Ահա այսպիսի նախագիծ, որը, հույս ունենք, իրականություն չի դառնա:
ՀԵՅԴԱՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ