ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՔՐԱՍԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ընթացիկ տարվա գնումները կատարելու համար քաղաքային բյուջեից հատկացվել է 684 մլն 329 հազար 700 դրամ:

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Վանաձորի քաղաքապետարանը տրանսպորտային նյութերի համար ընթացիկ տարում կծախսի 11 մլն 600 հազար դրամ: Քաղաքապետարանը այս տարվա համար գնել է 14 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, որի համար փաստացի վճարել է 6 մլն 177 հազար 600 դրամ: Այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակազմը 1 լիտր բենզինը գնել է 440 դրամով: Իսկ 3000 լիտր դիզելային վառելիքի համար վճարել է 1 մլն 260 հազար դրամ. յուրաքանչյուր լիտրը գնվել է 420 դրամով: «Ժողովուրդ»-ը բազմաթիվ անգամ է անդրադարձել պետական եւ համայնքային կառույցների կողմից բենզինի գնման գործընթացներում թույլ տված գերավճարներին: Վանաձորի քաղաքապետարանի դեպքում այս խնդիրը նույնպես առկա է. այսօր բոլոր բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 380-390 դրամով, իսկ քաղաքապետարանն այն գնել է 440-ով: Դիզելային վառելանյութի 1 լիտրն էլ արժի 370 դրամ, մինչդեռ վճարվել է 420: Ստացվում է, որ բենզինը գնվել է 50-60 դրամ, իսկ դիզվառելանյութը՝ 50 դրամ ավել գնով:
Նշենք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ընթացիկ տարվա կոմունալ վարձերից էլեկտրաէներգիայի համար հատկացրել է 24 մլն 450 հազար դրամ, իսկ գազի համար՝ 5 մլն դրամ, ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների համար` 1 մլն 350 հազար դրամ, իսկ դեզինֆեկցիան ու դեռատիզացիան արժեցել են 300 հազար դրամ: Բացի այս՝ ընդհանուր օգտագործման քաղաքային հեռախոսացանցի ծառայության համար քաղաքապետարանը կվճարի 5 մլն 77 հազար 300 դրամ, շարժական կապի ծառայության համար՝ 1 մլն 800 հազար դրամ:
Քաղաքի փողոցների նշագծման համար նույնպես գումար է հատկացվել՝ 8 մլն դրամ: Իսկ, ահա, փողոցների ընթացիկ նորոգման համար տրամադրվել է ուղիղ 100 մլն դրամ (Վանաձորի քաղաքապետը կլորիկ թվեր է սիրում): Թեեւ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանի աշխատակազմը զգալի միջոցներ է հատկացնում ե՛ւ փողոցների նորոգման, ե՛ւ ճանապարհների ասֆալտապատման համար, սակայն այդպես էլ դրանք վերջնականապես չեն վերանորոգվում: Նույն քարուքանդ, փոսերով լի փողոցներն ու ճանապարհներն են: Ինչեւէ: Ճանապարհային նշանների եւ լուսաֆորային օբյեկտների սպասարկման համար հատկացվել է 8 մլն դրամ: Իսկ փողոցներում անվանատախտակների պատրաստման եւ տեղադրման համար հատկացվել է 5 մլն դրամ:
Պաշտոնական փաստաթղթերը ուսումնասիրելիս պարզեցինք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մյուս քաղաքապետերի համեմատ «գերմաքրասեր» է: Նա զգալիորեն ավելի շատ գումար է հատկացրել քաղաքի աղբահանության համար: Այնպիսի տպավորություն է, որ Վանաձորը շուտ եւ շատ աղտոտվող քաղաք է, ինչի պատճառով վանաձորյան փողոցների սանիտարական մաքրման եւ կենցաղային աղբահանության համար հատկացվել է ամբողջ 239 մլն դրամ: Թեեւ խիստ կասկածելի է, որ աղբահանության համար հատկացված գումարը ծառայում է բուն նպատակին, քանի որ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում Վանաձորի աղտոտված, քարուքանդ փողոցների վերաբերյալ:
Իսկ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար հատկացվել է 10 մլն դրամ, մետաղական աղբարկղերի պատրաստման համար 4 մլն 700 հազար դրամ: Գնվել է նաեւ 50 հազար դրամ արժեքով 6 հատ աղբաման: Թե դրանք քաղաքի կոնկրետ որ հատվածում պետք է տեղադրվեն, նշված չէ: Ավելին՝ Վանաձորի քաղաքապետարանը մարտի սկզբին կրկին մետաղական աղբարկղեր է պատվիրել, այս անգամ 50 հատ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 100 հազար դրամ: Այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակազմը 5 մլն դրամ հատկացրել է 50 հատ մետաղական աղբաման ձեռք բերելու համար:
Նկատենք, որ նույնիսկ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի փողոցներում տեղադրելու նպատակով 100 հազար դրամանոց աղբաման չի գնել (մայրաքաղաքի աղբամանները 78 հազար դրամ արժեն): Իսկ, ահա, Վանաձորի քաղաքապետարանը լրացուցիչ գնել է նաեւ 100 հատ փոքր աղբամաններ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 30 հազար դրամ: Առհասարակ, թանկարժեք աղբամանների նկատմամբ մեր քաղաքապետերի սերը, մեղմ ասած, տարակուսելի է:
Ինչեւէ: Վանաձորի փողոցների լուսավորման համար նույնպես գումար է հատկացվել՝ 95 մլն դրամ: Մասնավորապես փողոցային լուսավորության համակարգի էներգետիկ ծառայությունների համար հատկացվել է 65 մլն դրամ, իսկ լուսավորության համակարգի սպասարկման եւ շահագործման համար՝ 20 մլն դրամ, փողոցային լուսավորության վերականգնման համար՝ 10 մլն դրամ: Ի դեպ, քաղաքի փողոցների լուսավորությամբ զբաղվում է «Կ եւ Ա մոնտաժշին» ընկերությունը, որը գտնվում է անմիջապես քաղաքապետարանի ենթակայության տակ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՊՏԱԿ ԵՎ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ
Իջեւան քաղաքի բնակիչ, 1991թ, ծնված Արեն Գոգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող՝ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին պատահական կրակոց արձակելու համար ապտակել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, ժամկետային զինծառայող, Սյունիքի մարզի Լեռնաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանին: Վերջինիս էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի դեկտեմբերի 30-ին սեռական հայհոյանքներ է տվել նույն մարտական հենակետում հենակետի ավագ նշանակված, իր համար պետ հանդիսացող, պայմանագրային զինծառայող Ա. Գոգորյանին: Գոգորյանին մեղադրանք է առաջադրվել 358.1 հոդվածի 2-րդ մասով եւ 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Կարապետյանին՝ 360 հոդվածի 2-րդ մասով: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ԱՃԵԼ
Լոնդոնի եւ Նյու Յոքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են աճել, որի մասին վկայում են առեւտրի տվյալները: Նյու Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի ապրիլյան ֆյուչերսները աճել են 2,33 տոկոսով՝ մինչեւ $38,72՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները աճել են 1,82 տոկոսով՝ մինչեւ $40,78՝ մեկ բարելի դիմաց:

 

ՊԱՅԹՅՈՒՆ ՓԱՐԻԶՈՒՄ
Փարիզի արվարձաններից մեկում ահաբեկիչները լիցեյ են գրավել, դեպքի վայրում պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը: Փարիզյան այս ահաբեկչական գործողության մասին հաղորդագրություն է տարածվել նաեւ Թվիթեր սոցցանցում:

 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԿ
2016թ. ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում, Երեւանում եւ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական եւ հանրակրթական միջոցառումներ:




Լրահոս