ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Մոսկվայի օդանավակայանում

Փաստորեն, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Ապարան» ջուր են վաճառում, ինչը, համաձայնեք, հաճելի է: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ «Ապարան» ջուրը պատկանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն ճշտվել է, որ գրանցված սեփականատերը Արմեն Անտոնյանն է:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե աշխատանքային ստաժի հաստատման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Սուսաննա Միրզոյան (67 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային ստաժում հաշվառվում է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունումից մինչեւ ազատման օրն ընկած ամբողջ ժամանակաշրջանը՝ տարին, ամիսը, օրը, անկախ այն բանից, թե անձը քանի տեղ է աշխատել: Ընդ որում, հաշվառվում են յուրաքանչյուր աշխատատեղում աշխատած ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետեւ գումարվում իրար:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե անձը փոխել է իր անունը, ապա նա ինչպիսի՞ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել: Եվ խնդրում եմ ասեք՝ դրա համար ինչքա՞ն գումար պետք է վճարեմ:

Տիգրանուհի Մանուկյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով`
– երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50000 դրամ,
– հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30000 դրամ,
– տասը աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մարդու անունը փոխելու խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմին՝ անվան փոխման գրանցումը կատարելու համար: Ի դեպ, նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ընդունվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով:




Լրահոս