Ռուսաստանը դուրս է մնում խաղից, Ադրբեջանն էլ փորձում է դուրս թռչել այրվող գնացքից. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», եւ պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրշիկի նախաձեռնությանը: Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից կերոսինի հոտ է գալիս, իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, Իրանի եւ խորտակվող Թուրքիայի միջեւ»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Վաշինգթոնում հնարավոր համարվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ՝ Ադրբեջանի` Արեւմուտքին հաճոյանալու քայլերին:

Ըստ Տարասովի, եթե Վաշինգթոնում երկու երկրների նախագահների հանդիպում կայանա, դա կլինի բեմականացում: «Իմ տեղեկություններով` ամերիկացիները կարգավորման հստակ պրոյեկտ չունեն: Միակ բանը, որ կարող է լինել, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն աջակցեցին Կասպրշիկի ծրագրին, հնարավոր է, որ պայմանավորվեն հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Բայց Ադրբեջանը խոսում է 1994թ. տարբերակի մասին, բայց այդ համաձայնագիրն ու արձանագրությունը ստորագրել էին Բաքուն, Ստեփանակերտն ու Երեւանը: Իսկ ինչպե՞ս են նրանք ստորագրելու համաձայնագիր առանց Ստեփանակերտի այսօր: Բոլոր հարցերում մեթոդոլոգիական ձախողումներ են: Ադրբեջանը պարզապես փորձում է նոր խաղադրույքներ անել»,- ասել է Ստանիսլավ Տարասովը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Վաշինգթոնում կայանալու է Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Արեւմտյան փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում գտնվող Բարաք Օբաման կարող է օգտագործել այդ առիթը` Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում բեկում մտցնելու համար: Որքանո՞վ են արդարացված այդ սպասելիքները, դժվար է ասել: Սակայն, դատելով առանց Ռուսաստանի մասնակցության ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում որեւէ տեղաշարժ արձանագրելու հնարավորության վերաբերյալ Կրեմլին մոտ կանգնած ռուս փորձագետների ջղաձիգ մոտեցումներից՝ առնվազն չպետք է բացառել, որ Վաշինգթոնում իսկապես կարող է էական ինչ-որ քայլ կատարվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս