Մարտի 8-ին Գորիսում տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով փորձել է նրան ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով և ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս:
Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքների ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով: Դեպի մանրամասները հրապարակվել են ArmLur.am-ում՝ համապատասխան տեսանյութով:
Ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաև այլ իրավապահներ:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաև ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին: