Մահացել է հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985թ.), Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982թ.) Գեղամ Գրիգորյանը։

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։




Լրահոս