ԱՊԱՀՈՎ ԵՐԱԶԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մի քանի ամիս առաջ վրացական երազանքի մարմնացումը համարվող Բիձինա Իվանիշվիլու վարկանիշը սկսել է սահուն կերպով անկում ապրել: Ազգային դեմոկրատական ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ, ի համեմատ անցած տարվա նոյեմբեր ամսվա,  երկրի վարչապետի նկատմամբ դրական  վերաբերմունքը նվազել է 6 տոկոսով` կազմելով 69 տոկոս: Սա, իհարկե, միանգամայն կանխատեսելի  գործընթաց էր, քանի որ Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք»-ը նախընտրական շրջանում չափազանց շատ ու մեծ խոստումներ էր տալիս: Ու դեռեւս այն ժամանակ փորձագետների զգալի մասը կանխատեսում էր, որ այնպիսի խնդրաշատ երկրում, ինչպիսին Վրաստանն է, հնարավոր չի լինելու խոստացված  առաջընթացի մեկ քառորդն անգամ ապահովել: Եվ արդյունքում`  ինչպիսի  պրոգրեսիայով  Իվանիշվիլու թիմի նկատմամբ վստահությունն ու համակրանքն աճեց, նույնպիսի  ռեգրեսիայով էլ այն անկում է ապրելու: Անցած  կես տարվա ընթացքում վարկանիշի նման կորուստը, իհարկե, այդքան էլ վճռորոշ չէ, սակայն նշանակալի է, ուստի «Վրացական երազանք»-ի առաջնորդն ու նրա թիմը մտածելու տեղիք ունեն: Ինչը չես ասի Հայաստանի իշխանությունների մասին: Մեր երկրում նման խնդիր չկա: Ընդհակառակը. փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում ավելի  մեծ թվով քվեներ ստանալու գրավականը նախորդ ընտրություններում տրված անխտիր բոլոր խոստումները չկատարելն ու բոլոր ծրագրերը ձախողելն է: Համենայնդեպս, նախորդ երկու խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները դա են վկայում: Այսպես. 2007թ. ընտրություններում «Առաջ Հայաստան» կարգախոսի ներքո տնտեսական հրաշքներ, հինգ տարուց յուրաքանչյուր հայաստանցու ավելի լավ կենսապայմաններ խոստացած Հանրապետական կուսակցության  հնգամյա գործունեության արդյունքում Հայաստանը ոչ միայն առաջ չգնաց, այլեւ զգալիորեն, եթե չասենք` խայտառակ հետ գնաց: Եվ ի՞նչ: Մի՞թե հաջորդ` 2012թ. ընտրություններում դա խանգարեց, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ ստանա: Որքան էլ տարօրինակ է` ոչ.  եթե 2007-ին ՀՀԿ-ն ստացել էր ընտրողների քվեների 33.9 տոկոսը, ապա 2012-ին արդեն ստացավ 44.05 տոկոսը: Նույնը եւ նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը  2008-ին խոստանում էր, որ  հինգ տարի անց յուրաքանչյուր հայ ընտանիք ունենալու է ավտոմեքենա եւ բնակարան ձեռք բերելու հնարավորություն: Նա, սակայն, մոռացել էր նշել, որ այդ հնարավորությունը յուրաքանչյուր ընտանիք ունենալու է Հայաստանից դուրս` արտագաղթելու դեպքում:  Եվ չնայած աղքատության կրկնակի աճին, ՀՆԱ-ի անկմանն ու այլ  խայտառակ ցուցանիշներին՝ 2013-ի փետրվարին  պարզվեց, որ այս ամենից հիասթափվել է ընդամենը 1000 հայաստանցի, քանզի հենց այդքանով էր Ս. Սարգսյանի երկրորդ ընտրություններում հավաքած ձայների թիվը զիջում նախորդին, միեւնույն ժամանակ` տոկոսային  արտահայտությամբ գերազանցելով նախորդ ցուցանիշը:




Լրահոս