ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՄԵՆՔ ՄԵԶՆԻՑ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին Երեւան ժամանած Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացում Աժ պատգամավորները Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին են ներկայացրել նոր ԸՕ նախագծի շուրջ իրենց առաջարկներն ու դիտակումները:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպած մի քանի պատգամավորների հետ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան
-Պարո՛ն Փաշինյան, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման շրջանակներում հանդիպում են ունեցել նաեւ Ձեզ հետ: Կոնկրետ ո՞ր խնդրահարույց դրույթների վրա եք Դուք հրավիրել փորձագետների ուշադրությունը, եւ ինչպիսի՞ն է եղել արձագանքը:
-Առաջարկությունների մասին խոսք չի եղել: Մենք Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մեր մտքերը, կարծիքներն ենք փոխանակել, մեր տեսակետներն ենք ասել այն պրոբլեմների վերաբերյալ, որոնք մեր կարծիքով առկա են եւ որոնք մամուլում, հանրային, քաղաքացիական շրջանակներում քննարկվել են: Մենք այդ բոլոր հարցերը բարձրաձայնել ենք: Իսկ ակնկալիքները մենք մեզնից պետք է ունենանք:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, ընտրական նոր օրենսգրքի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հանդիպում են ունեցել նաեւ Ձեզ հետ: ԸՕ-ում առկա որոշ դրույթներ մասնավորապես ընտրական ցուցակների հրապարակման արգելքը, լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը բուռն քննարկման առարկա են դարձել: Արդյո՞ք հանդիպման ընթացքում այս խնդիրներին անդրադարձ եղել է, եւ, առհասարակ, ո՞ր վիճահարույց կետերն են քննարկվել:
-Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք բոլոր հարցերը քննարկել ենք: Մանրամասն հիմնավորել ենք, թե դրանք հայկական քաղաքական իրականության մեջ ինչ խնդիր են իրենցից ներկայացնում: Նրանք լսողի դերում էին, հավաքագրում էին այդ տեղեկատվությունը, որը իրենց եզրակացության մեջ երեւի կներկայացնեն: Այդ խնդիրներին եւս անդրադարձել ենք: Առաջարկել ենք, որ յուրաքանչյուր կուսակցություն երկու վստահված անձ ունենա, դրան գումարած մենք նաեւ քննարկել ենք այն, որ լրագրողների թվի սահմանափակումը անհարկի է, դրա անհրաժեշտությունը չկա: Եւ քանի որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կոնկրետ չեն լինելու, նաեւ չեն լինելու վստահված անձինք, հետեւաբար նման խնդիր չի առաջանալու, որ տեղամասում ավել մարդ լինի: Այսինքն՝ գործող օրենսգրքով ավելի շատ մարդ է լինում, իսկ առաջարկվող տարբերակով նման իրավիճակ չի լինելու, որովհետեւ միայն կուսակցություններն են մասնակցելու: Հետեւաբար գոնե ամեն կուսակցության կարելի է թույլ տալ երկու ներկայացուցիչ ունենալ, իսկ դիտորդների եւ լրագրողների թիվը կարելի է ընդհանրապես չսահմանափակել, նման դրույթն ուղղակի անհիմն է: Ընտրացուցակների հրապարակման հետ կապված եւս ասել ենք մեր դիրքորոշումը, հիմա թող քննարկեն, տեսնենք՝ ինչ կլինի:
-Այս հանդիպումներից ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-Որոշողը նրանք չեն: Որոշողը մենք ենք` ՀՀ իշխանությունները, ընդդիմությունը: Մեր քաղաքական համակարգում է այդ հարցը որոշվում: Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական մարմին է, եւ նրա խորհուրդները մենք կարող ենք լսել կամ չլսել: Ակնկալում եմ, որ մեր դիտարկումները հաշվի կառնվեն վերջնական եզրակացության առումով, բայց որ ակնկալեմ, թե դրա արդյունքում ընտրական օրենսգիրքը մեր սրտով կլինի, ճիշտն ասած, ես նման լավատեսություն չունեմ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԸՕ հետ կապված ինչպիսի՞ հարցեր եք բարձրացրել:
-Մենք ունենք հստակ մեր մոտեցումները, որ ցուցակների հրապարակումը պետք է լինի: Եթե լինում է, ապա վստահությունը այստեղ բարձրանում է: Նրանք մատները թանաքոտելու հետ կապված որեւէ պրոբլեմ չտեսան, իսկ ցուցակների հրապարակման հետ կապված վերապահում ունեին: Մենք մեր մտահոգությունները հայտնեցինք նաեւ լրագրողների թվի սահմանափակման վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում՝ սահմանափակում ենք լրագրողների քանակը, ի՞նչ պատրվակով: Հստակ պետք է այդ դրույթը հանվի: Պետք է լինի հրապարակային, թափանցիկ, որեւէ սահմանափակում չդրվի նաեւ ընտրատեղամասերի նկարահանման հարցում: Եթե մարդիկ գիտեն, որ մշտական նկարահանման իրավիճակում են գտնվում, զգաստանում են, եւ դա բարձրացնում է վստահությունը: Կարծում եմ, որ միջանկյալ ինչ-որ լուծումներ կմշակվեն:

 

 

 
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որի նպատակը, ըստ Շաբոյանի, ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում պաշտպանելն ու խրախուսելն է, ինչպես նաեւ բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելը:

Նշենք, որ ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովի դահլիճը կիսադատարկ էր: Թե ինչով էր պայմանավորված պատգամավորների նման անտարբերությունը կարեւոր այս փաստաթղթի քննարկման հարցում, դժվար է միանշանակ ասել: Կամ մեր ազգընտիրները լուրջ չեն ընդունում ՏՄՊՊՀ-ն` որպես ինստիտուտ, կամ էլ անիմաստ են համարում մասնակցել ազատ տնտեսական մրցակցության ապահովման մասին քննարկումներին, քանի որ դա հայկական իրականության համար ֆանտաստիկայի ժանրից է:
Այնուամենայնիվ, դահլիճում ներկա մի քանի ընդդիմադիր պատգամավորներ որոշ հարցադրումներ արեցին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահից հետաքրքրվեց, թե արդյոք հակամենաշնորհային պայքարում առաջընթաց կա: «Ձեր զեկույցը լսելուց հետո տպավորություն կա, որ հակամենաշնորհային հանձնաժողովը լրջագույն արդյունքներ է գրանցել եւ բավականին խնդիրներ է լուծել, բայց, ըստ էության, սայլը տեղից չի շարժվում: Դուք դա արդարացնում եք մի հանգամանքով, որ այդ պայքարի շրջանակները խիստ սահմանափակ են, եւ ձեր հանձնաժողովի լիազորությունները ամեն տեղ չի, որ գործում են», -նշեց Սարգսյանը:
Ի պատասխան՝ Արտակ Շաբոյանն ասաց. «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը ավելացել է 17 կետով՝ համաձայն համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի: Սա միակ միջազգային կազմակերպությունն է, որ գնահատականներ է տալիս մրցակցային միջավայրի վերաբերյալ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ Շաբոյանին հիշեցրեց որոշ տվյալներ. «2013 թվականին Համաշխարհային բանկի զեկույցում նշված էր, որ Հայաստանը ամենամենաշնորհացված երկիրն է տարածաշրջանում. շուկաների 19 տոկոսում իշխում են մենաշնորհները, 60 տոկոսն ունի գերիշխող դիրք? Կարող ենք ասել, որ այժմ էլ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ ամենամենաշնորհացվածը»:
Արտակ Շաբոյանը, սակայն, այս դեպքում էլ շտապեց հակադարձել` կասկածի տակ դնելով ՀԲ-ի ներկայացրած տվյալները.«Համաշխարհային բանկի զեկույցը, որ հրապարակվել էր, դրա արդյունքները կատարվել էին լուրջ մեթոդաբանական սխալների հիման վրա: Երբ խոշոր ընկերությունների կառուցվածք են գնահատում երկրում, վերցրել էին էներգետիկ ոլորտը, որտեղ բնական մենաշնորհ կա, նրանց ստեղծած արժեքը բաժանել էին ՀՆԱ-ին եւ դրա վերաբերյալ գնահատական տվել»:
Նշենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը շարունակվելու է այսօր` ԱԺ հերթական նիստում:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ՍԻԼԻԿՅԱՆԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես արդեն գրել էինք՝ 2015 թվականի հուլիսի 9-ին Սիլիկյան թաղամասում «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ի սեփականատերեր Աշոտ, Հրաչյա, Հրանտ եւ Կառլեն Մարտիրոսյանները վիճաբանություն էին սարքել իրենց հարեւանի հետ, մահակով հարվածել էին հարեւան տարեց կնոջը՝ Մարինա Ավետիսյանին, ջարդուփշուր արել վերջինիս որդու ավտոմեքենան: Այս արարքի համար Մարտիրոսյաններին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Դեպքից 6 ամիս անց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի հունվարի 15-ին Մարտիրոսյաններին դատապարտել էր ազատազրկման 7 ամիս ժամկետով: Նրանք դատարանի դահլիճից ազատ էին արձակվել: Սակայն իրադարձությունների զարգացման նման ընթացքը ՀՀ դատախազության սրտով չէ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեղադրող կողմն այս գործով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան եւ պահանջում է, որ Մարտիրոսյանների ազատ արձակման մասով պատիժը խստացվի. Հրաչյա եւ Աշոտ Մարտիրոսյաններին մեղավոր ճանաչեն ՀՀ քր. օր. 258 հոդ. 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրանց դատապարտեն ազատազրկման 5 տարի ժամկետով:

 

5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԿԱՇԱՌՔԸ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ աշխատակից Արսեն Ղարիբջանյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արսեն Ղարիբջանյանը 5 միլիոն դրամ է վերցրել` գործն առաջ տանելու համար: Նշենք, որ Արսեն Ղարիբջանյանը աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչությունում:

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Հայաստանի պետական պարտքն այս տարվա մարտի առաջին կեսին եւս շարունակել է աճել: Մարտի առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը թողարկել է 5 միլիարդ դրամի պարտատոմսեր: Միաժամանակ ֆինանսների նախարարությունը ետ է գնել նախկինում թողարկված 1 մլրդ դրամի պարտատոմսեր: Ասել կուզի՝ մարտ ամսին Հայաստանի պետական պարտքն ավելացել է առնվազն 4 միլիարդ դրամով: Հիշեցնենք, որ նույն ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 5 միլիարդ 120 մլն 400 հազար դոլար:




Լրահոս