«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՏՂԱՄԱՐԴԸ ԼԻՆԻ ՍՈՒՊԵՐԴԵՐԱՍԱՆ, ԵՎ ԴՈՒ ԽԱԲՎԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի շրջանակներում «Ժողովուրդ»-ը նախորդ օրերին ներկայացրել է կանանց մասին զրույցների շարք տղամարդկանց հետ, սակայն պակաս հետաքրիր չէ նույն թեմայի շուրջ զրուցել հենց իրենց` տոնի «մեղավորների» հետ: Շոու-բիզնեսի ամենականացի ներկայացուցիչներից մեկը` Ալինա Մարտիրոսյանը, մեր ընթերցողների համար բացահայտվել է նորովի: «Անուրջներ», «Եղբայրներ», «Մամա» եւ այլ հեռուստասերիալներից, «Տնփեսա» սիթքոմից հայտնի դերասանուհին խոսել է կնոջ իր տեսակի առավելությունների եւ խոցելի կողմերի մասին:

-Ալինա՛, կանանց ամենամեծ արժանիքը ո՞րն եք համարում:
-Մայրական բնազդը: Ցավոք, հետեւելով լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններին, նկատում եմ, որ շատ կանանց մոտ այդ բնազդը նահանջում է. նրանցից ոմանք լքում են իրենց զավակներին, չեն խնամում նրանց:
-Որպես կին` Ձեր լավագույն ձեռքբերումը:
-Իմ որդին:
-Ո՞րն է Ձեր կանացի թուլությունը:
-Շատ շոպոգոլիկ եմ (ծիծաղում է): Իհարկե, ես ամեն օր գնումներ անելու հնարավորություն չունեմ, բայց երբ հնարավորություն եմ ունենում, առիթը բաց չեմ թողնում: Իմ թուլություններից մեկն էլ տան կահավորմամբ զբաղվելն է, սեփական կոմֆորտը ստեղծելը: Առհասարակ, առեւտրային հարցերում արագ եմ կողմնորոշվում:
-Նման հարցերում բավական ճկուն եք, իսկ, ահա, տղամարդու ընտրության հարցում, կարծես, այդքան էլ ոչ, այդպե՞ս է:
-Այդ ընտրությունն արդեն կապված չէ ճկունության հետ: Շատ հնարավոր է, որ դիմացիդ տղամարդը կյանքում լինի սուպերդերասան, եւ դու, որքան էլ խորագետ լինես, միեւնույն է` խաբվես: Բայց, ինչպես ասում են, հղիությունն ու սուտը հնարավոր չէ թաքցնել. դրանք, ի վերջո, ջրի երես են դուրս գալիս:
-Հետաքրքիր է` խոհանոցում կարողանո՞ւմ եք Ձեզ ինչպես հարկն է դրսեւորել:
-Իհարկե, այդ ի՞նչ կին պետք է լինի, որ չկարողանա դրսեւորվել: Ըստ իս, կինը պետք է լավ պատրաստի, գլուխ հանի խոհանոցից:
-Կա՞ մշակութային, հասարակական մի խնդիր, որ Ձեզ` որպես կնոջ, մտահոգում է:
-Կա նման մի խնդիր, բայց չգիտեմ դրա լուծման եղանակը: Ստալինը, որ դիկտատոր էր, մշակույթի ոլորտի տղամարդկանց չէր թողնում` ծառայեն, չէր տանում բանակ, ասում էր` դա այն ասպարեզի ներկայացուցիչներն են, որոնք երկարաճիթ կոշիկ չպետք է հագնեն: Կցանկանայի, որ հիմա էլ մեզ մոտ, օրինակ` բալետի պարողները ծառայելու խնդրին չբախվեին:
-Ձեր եղբայրը, ինչպես նաեւ` որդին բալետի պարողներ են, թերեւս սեփական փորձից ելնելով եք մատնանշում թեման, այո՞:
-Այո, եղբայրս հիմա արտերկրում է ծավալում իր գործունեությունը, թեեւ ասեմ, որ նա ծառայել է բանակում, որդիս էլ սովորում է Նյու Յորքում: Առհասարակ, այն կարծիքին եմ, որ մեզ մոտ մշակույթը չի գնահատվում, դասական արվեստը, մասնավորապես բալետը առաջխաղացում չունի: Շատ եմ ցավում, որ ամենալավ պարողները գնում են երկրից…
-Վերադառնալով Ձեր կանացի որակներին` հետաքրքիր է` Ձեր ամենաուժեղ հատկությունը ո՞րն եք համարում:
-Իմ խիղճն է, որին շատ անգամ գերի եմ, բայց չեմ կարող դրան դեմ գնալ, այդպես եմ ծնվել:
-Մեկ ուրիշը դա կներկայացներ որպես թուլություն:
-Չէ, դա թուլություն չէ:
-Ասում են` կանայք անընդմեջ հիասթափվում են, բայց շուտ էլ ներում են: Համաձա՞յն եք:
-Ես այդպես չեմ կարծում: Ինքս շատ համբերատար մարդ եմ, բայց եթե մեկից հիասթափվում եմ, ուրեմն վերջ, մեր հարաբերությունները երբեւէ չեն կարող վերականգնվել: Ես կարող եմ նույնիսկ այդ մարդուն ներել, բայց մեր միջեւ շփումը չի լինի առաջվանը: Շատ կտրուկ եմ այդ առումով:
-Ձեր կանացի վախերն ինչի՞ հետ են կապված:
-Միայնության: Դա սարսափելի բան է կնոջ համար: Կինն իր կողքին պետք է ունենա տղամարդ, որը կլինի նրա հավատարիմ ընկերը, զրուցակիցը, որի հետ կկարողանա մի բաժակ սուրճ խմել եւ գնալ զբոսանքի: Աստվածաշնչում էլ գրված է, որ լավ չէ, երբ մարդ մենակ է, մենակությունն անեծք է:

 

 

 

 

 

«ՄՏԱԾԵԼ ԵՄ` ԱՄՈԹ ԿԼԻՆԻ, ՈՐ ՈՒՐԻՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԳ ԳՐԵՄ»

Կանադահայ երգահան, գործիքավորող, պրոդյուսեր ԴերՀովան (Հարություն Տէր-Հովակիմյան) այժմ աշխատում է միանգամից մի քանի նախագծերի վրա: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը որպես մենեջեր, վերահսկող, զբաղված է ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի առաջին ալբոմի ստեղծմամբ. «Ժողովրդական երգերը ինձ հարազատ ժանրերից դուրս են, բայց շատ հետաքրքիր է աշխատել նաեւ նման գործերի վրա: Ես ավելի վաղ գործիքավորել էի Սեւակի երգերից մեկը, որը կոչվում է «Ախպերս ու ես», այն հաջողություն ունեցավ, դրանից հետո որոշեցինք թողարկել նաեւ ալբոմ: Հիմա Սեւակը պատրաստվում է դուետ կատարել արտասահմանում հայրենասիրական երգի ճանաչված կատարողներից մեկի հետ, զբաղված ենք դրան առնչվող աշխատանքներով»:

ԴերՀովան նաեւ տեղեկացրեց, որ ինքն առաջին անգամ պատրաստվում է հանդես գալ որպես ռեժիսոր. «Ես հաճախ եմ մի շարք ռեժիսորների խորհուրդներ, տեսահոլովակ նկարահանելու հետ կապված գաղափարներ տվել, հետո մտածեցի` ինչո՞ւ ես էլ չզբաղվեմ դրանով: Եվ երբ երգչուհի Արփի Շահնուբարյանից ստացա առաջարկը, ընդունեցի այն: Շուտով նրա «Թամզարա» երգի հիման վրա կնկարահանենք տեսահոլովակ: Գիտեմ, որ ծանր աշխատանք է, բայց ես սիրում եմ ինքս վերահսկել այդ գործընթացը»:
ԴերՀովայի խոսքով` ինքն այժմ համագործակցում է նաեւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի հետ, ով հանդես է եկել «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբում: Երգահանը, փաստորեն, կօգնի Թամարին, որ նա առաջին անգամ ներկայացնի հայկական երգեր: «Թամարի հետ մենք կապի մեջ էինք մինչեւ «Եվրատեսիլ»-ը, անընդհատ օնլայն շփման մեջ էինք եւ որոշել էինք մի օր անպայման համագործակցել: Արդեն «Եվրատեսիլ»-ից հետո նա ինձնից խորհուրդ հարցրեց` ներկայացնել հին հայկական երգ, թե նոր մի բան: Արդյունքում որոշեցինք, որ նա առաջինը կներկայացնի վերամշակված հին հայկական երգ, հետո արդեն` նոր գործեր»,- մանրամասնեց նա:
ԴերՀովան նաեւ նշեց, որ Սիրուշոյի կատարմամբ իր հեղինակած «Քելե-քելե» երգը` «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթում 4-րդ տեղը գրավելուց հետո իրեն մի շարք երկրներից եվրատեսիլյան երգեր հեղինակելու առաջարկներ են արել, սակայն ինքը մերժել է. «Ուղղակի մինչեւ հիմա ես միշտ մտածել եմ` կարող է մի քիչ ամոթ լինի, որ ուրիշ երկրների համար երգ գրեմ կամ գործիքավորեմ, բայց ինձ թվում է` պետք է անել, ինչո՞ւ ոչ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայ կինոսերները հնարավորություն կունենան մեծ էկրաններին դիտել աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» (Remember) ֆիլմը: «Արմենպրես»¬ի հետ զրույցում «ԿինոՊարկ»¬ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ ֆիլմը կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել մարտի 24¬ից: «Նախնական որոշված է ցուցադրել օրը 2 սեանս` մեկը պարտադիր փրայմ¬թայմին, սակայն, եթե ֆիլմը հաջողություն ունենա հայ հանդիսատեսի մոտ, վստահաբար կավելացնենք սեանսների քանակը»,¬ տեղեկացրել է նա:
«Հիշի՛ր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2015¬ին: Այն կանադա¬գերմանական արտադրության թրիլլեր է, որի սցենարի հեղինակը Բենջամին Օգսթն է: Ֆիլմում խաղում են Քրիսթոֆեր Փլամերը, Բրունո Գանզը, Դին Նորիսը եւ այլք:

 

ԿԻՆՈՄՐՑՈՒՅԹ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի անկախության 25¬ամյակի կապակցությամբ հայտարարել են մրցույթ՝ «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» խորագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամները, որոնք կներկայացնեն պատրաստի ֆիլմեր՝ նվիրված Հայաստանի անկախության 25¬ամյակին: Հանձնաժողովի անդամներից են Ռուբեն Գեւորգյանցը, Ռոբերտ Մաթոսյանը, Վադիմ Ղարիբյանը, Արտյոմ Երկանյանը եւ այլք: Հայտերն ուժի մեջ են մինչեւ մարտի 20¬ը, արդյունքները կամփոփվեն օգոստոսին:

 

ՌԻՀԱՆՆԱՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Երգչուհի Ռիհաննան հերթական ռեկորդն է սահմանել` լրատվամիջոցների ուշադրությունը բեւեռելով իր վրա: Նրա «Work» երգն արդեն չորրորդ շաբաթն է` «Billboard Hot 100» հիթ շքերթի առաջին տեղում է ու ամենապահանջվածներից մեկը ամերիկյան շուկայում: Ընդ որում, երգը դարձել է նաեւ ամենաշատ լսվողը սթրիմինգային ծառայություններում:
Նշենք, որ հիթ շքերթի երկրորդ տեղում Ջասթին Բիբերի «Love Yourself» երգն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Twenty One Pilots-ը՝ «Stressed Out» հիթով:




Լրահոս