Քաղաքական շահն ըմբոստ գաղափարներից ավելի թանկ է. «Ժառանգության» անունից այս անգամ էլ տեղերում կաշխատեն ՀՀԿ-ականնե՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արդեն ավարտվել է Հրազդանի՝ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների գրանցման, ինչպես նաև հանձնաժողովների անդամների առաջադրման ժամկետը:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրեց նույն կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ նամակով դիմեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ առաջիկա ընտրություններում նույն խմբակցության ցուցակի 13-րդ համարի տակ գրանցված Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց ՀԱԿ խմբակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու խնդրանքով: Սակայն ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունը առաջարկը օպերատիվ կերպով ընդունելու փոխարեն, սկսեց քաղաքական «առքուվաճառք» իրականացնել՝ նեղացվածության որոշակի դրսեւորումներ ի ցույց դնելով:

ՀԱԿԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը երբևէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն և միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով: Արմեն Խաչատրյանն անընդունելի համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք է վերապահում խոսելու խմբակցության այլ անդամների անունից առանց անձամբ նիստին ներկայանալու, քանի որ խմբակցությունից միայն դրական կարծիք էր արտահայտել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Պարզվ»ց, որ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը չեն համաձայնել ընդդիմադիր խմբակցությանը տրված հանձնաժողովների տեղերը տալ ընդդիմությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը նշել էր, որ այն տեղերը, որի մասին Նիկոլ Փաշինյանն է բարձրաձայնել, պատկանում են ոչ թե՝ ՀԱԿ կուսակցությանը, այլ՝ ՀԱԿ դաշինքին: Եւ դրանց տնօրինման ու բաշխման հարցում կարևոր է դաշինքի ցուցակով անցած մյուս պատգամավորների և ցուցակում ընդգրկվածների կարծիքը, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի:

Այսպիսով, ՀԱԿ-ն, ըստ էության, խոստովանեց, որ չի ցանկանում սատարել Սասուն Միքայելյանին, ով երկար տարիներ կանգնած է եղել կոնգրեսականների կողքին, եւ այսօր ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողները նաեւ Միքայելյանին տրված ձայների շնորհիվ են հասել դրան: ՀԱԿ դաշինքի անդամ, «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը նույնպես քննադատել էր ՀԱԿ-ի նման քայլը՝ նշելով, որ դա արդարացում չունի, նրանք պետք է հանձնաժողովի տեղերն առանց քննարկելու հանձնեին Սասուն Միքայելյանի տրամադրությանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է այս ողջ օպերացիայի թիկունքում: Քանի որ նա Սասուն Միքայելյանի հետ առաջվա ջերմ հարաբերությունները չունի (նախկին զինդատախազն ընդհանրապես ժամանակի ընթացքում թաշկինակի պես փոխում է ընկերներին), ուստի որոշել է, այսպես ասած, ցավեցնել: Բայց դա եղավ Կոնգրեսի հեղինակազրկման շնորհիվ:

Ըւ, ընդհանրապես, Հրազդանի ընտրությունները ընդդիմադիր կուսակցություններին բացահայտելու յուրօրինակ «լակմուսի թուղթ» են դարձել: Եւ պարզվում է՝ ընդդիմադիրները ընդդիմադիր են միայն մայրաքաղաքում, հարթակներում եւ ամբիոնների մոտ, իսկ տարածքներում կարող են մի քանի հարյուր դոլարով «մարդ վաճառել»:

Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւս հանձնաժողովի իր տեղերը Սասուն Միքայելյանին չի տալու՝ դարձյալ անհեթեթ պատճառաբանություններով: Ասել են, թե իրենք ունեն պրոֆեսիոնալ հանձնաժողովականներ, որոնք ընտրության արդյունքում են նշանակվել եւ կիրականացնեն իրենց պարտականությունը: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը», պրոֆեսիոնալներ էր առաջադրել նաեւ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեին նախորդող օրերին:

«Ժողովուրդ»-ը փոքրիկ հետաքննության ընթացքում պարզել էր, որ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի 37/20 ընտրատեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Սեւադա Ղազարյանն է, որը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի պատասխանատու աշխատակից է: 37/31 տեղամասը, որը տեղեկայված է Շինուհայ համայնքում, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Զավեն Առաքելյանն է, որը եւս «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի աշխատակից է, որի գործունեությունը կապված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի հետ: Իսկ Սյունիքի մարզի 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կինն է` Ամալյա Գրիգորյանը:

Թերեւս այս անգամ էլ է նույն պատկերը լինելու. «Ժառանգության» անունից տեղերում կաշխատեն ՀՀԿ-ականները:

Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո շարունակ պառակտվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրանք ե՞ւս արդեն վաճառել են իրենց տեղերը ՀՀԿ-ական թեկնածուին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ առաջիկա ընտրություններում նրանք չեն պատրաստվում որեւէ մեկին սատարել, եւ որ բոլոր հանձնաժողովականներին տրված է մեկ հանձնարարական՝ հետեւել ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը:

Եւ այս իրավիճակում կա մեկ տրամաբանական հարց՝ արդյո՞ք միայն իշխանություններին հաճոյանալու համար են ընդդիմադիր կուսակցություններն իրենց տեղերը տալիս իշխանության թեկնածուներին: Թերեւս ոչ միայն, քանի որ նրանց մեջ խոսում է քաղաքական խանդը. բա որ հանկարծ ընդդիմության թեկնածուն հաղթի՞: Սա որեւէ կերպ չի տեղավորվում տարիներ շարունակ միայն նվնվացող ընդդիմադիր ուժերի ծրագրում:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ական երկու թեկնածու՝ Ռաֆայել Գրիգորյանն ու Արամ Դանիելյանը, ով Հրազդանի գործող քաղաքապետն է:

Սյուզի Մուրադյան




Լրահոս