Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ «պոլի փեդին» էլ կարող են դարձնել «հաղթող». Հրազդանի ընտրությունների դասերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները փաստացի դարձել էին փորձաքար ընդդիմության եւ իշխանությունների համար, չնայած կողմերն իրերի վիճակն այդկերպ ներկայացնելուց ձեռնպահ էին մնում: Ողջ հանրապետությունը իսկապես շնչակտոր սպասում էր` ինչ է լինելու, որպեսզի հասկանալի դառնա, թե քաղաքական վերադասավորվածությունն ինչ խճանկարով կպատկերվի:

Ընդդիմության դեպքում սա հնարավորություն էր՝ համոզվելու, թե արդյոք հնարավոր է, տեղամասերում քվեարկությունը վերահսկելով, լցոնումներ եւ ուրիշի փոխարեն քվեարկություն թույլ չտալով, հաղթել իշխանություններին: Այլ կերպ ասած՝ այս ընտրությունների միջոցով անհրաժեշտ էր հասկանալ՝ ընտրակաշառքի համակարգին դիմակայելու հնարավորություն չունեցող քաղաքացիների տեսակարար կշիռն արդյո՞ք կեսից ավել է, թե անցած երկու տասնամյակի ընթացքում այդ աղտը հասցրել է հասարակության մեծամասնությանը պատել: Մինչ այս մշտապես ենթադրվել է, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը ընտրակեղծարարության աղտով վարակված չէ, եւ ընդամենն անհրաժեշտ է մարդկանց ընտրելու հնարավորություն տալ, «պահել» նրանց տված ձայները, եւ իշխանությունները ստիպված կլինեն կա՛մ իրենց պարտությունն ընդունել, կա՛մ էլ պետք է դիմել ուժային ու բաց ընտրակեղծարարության մեթոդների, որի դեպքում ընտրությունները, որպես այդպիսին, կդադարեին գոյություն ունենալ:

Ի դեպ, նման «մարտի» մեջ հնարավոր էր մտնել միայն հիրավի մեծ հեղինակություն վայելող եւ իր մրցակցի նկատմամբ ընտրվելու կրկնակի անգամ ավել հնարավորություն ունեցող թեկնածուի միջոցով: «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը հենց այդպիսին էր, քանի որ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը որեւէ կերպ չէր կարող նրա հետ համեմատվել: Մի կողմում պատերազմի բովով անցած, իր ծննդավայրին նվիրված հերոս է, մյուսում՝ իշխանությունների վառ ներկայացուցիչ, որն իր ողջ կենսագրության ընթացքում պետական պաշտոնի միջոցով հղփացել է, 14 տարի ղեկավարելով Հրազդանը՝ այն հասցրել է փլուզման եզրին` պատերազմի տարիներին առաջնագծից փախչելով:

Իշխանությունների համար Հրազդանը կարեւոր էր, որպեսզի նրանք ցույց տային, որ իրենք իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եւ փոփոխության բոլոր հնարավորությունները բացառվում են: Այդ իսկ պատճառով իշխանությունները Հրազդանում ներդրել էին իրենց ողջ ռեսուրսը: Նույնիսկ իշխանական շրջանակներն են ընդունում, որ կիրակի օրը Հրազդանում գործադրված ֆինանսական եւ մնացած իշխանական ռեսուրսների նման ծավալ անգամ նախագահական ընտրությունների ժամանակ չի կիրառվել: Այլ կերպ ասած՝ իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ «պոլի փեդին» էլ կարող են դարձնել «հաղթող»:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ տեղամասերում քվեարկության արդյունքները պահելն անհրաժեշտ, բայց բավարար չէ՝ ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար: Այլ կերպ ասած՝ կարելի է տեղամասերը պահել, թույլ չտալ լցոնում, թույլ չտալ, որ քո թեկնածուի ձայները «չկորեն», բայց միեւնույն է՝ իշխանություններն ընտրակաշառք բաժանելով՝ մարդկանց կբերեն տեղամասեր, եւ նրանք իրենց ձեռքով կքվեարկեն իրենց թալանելու ու նվաստացնելու օգտին: Այսինքն՝ սովորական քարոզարշավը, մարդկանց քո տեսակետները ներկայացնելը բավարար չեն, որպեսզի ընտրողների մեծամասնությունը հրաժարվի ընտրակաշառք վերցնելուց եւ գնա տեղամաս ու ընտրի իր կյանքը լավացնել խոստացող թեկնածունի: Ի վերջո, իշխանությունները կարող են պարզապես ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացնել, ինչպես որ արեցին Հրազդանում: Հրազդանցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ընտրակաշառքի նվազագույն շեմը եղել է 10 հազար դրամը: Սակայն հետագայում այն բարձրացել է 15 հազարի, իսկ քվեարկության օրը՝ երեկոյան, այն հասել է 30-40 հազար դրամի:

Այսինքն՝ ընդդիմությունը պարտադրված է մինչեւ քվեարկությունը՝ քարոզարշավի փուլում, զուտ իր տեսակետները ներկայացնելուց բացի՝ «մարտի» բռնվել ընտրողներին իշխանական ընտրակեղծարարների ճիրաններից ազատագրել: Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն այդ մարդկանց մեկ առ մեկ այցելելով, նրանց հնարավորություն տալով, որպեսզի իրենց ուժեղ զգան` վստահ լինելով, որ քվեարկության գաղտնիությունն ապահովված է:

Այսօրվա մեր իրականության մեջ ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները դարձել են իրավիճակի լիակատար տերը: Տեղերում նրանք բոլորը մինի իշխանիկներ են: Վաղուց ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողները հանրային գիտակցության մեջ ընկալվեն որպես ամենազազրելի եւ եղկելի երեւույթ: Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ հայկական բառապաշարում բոլոր տեսակի հայհոյանքների կողքին հայտնվի «ընտրակեղծարար» հասկացողությունը: Օրինակ՝ ինչպես մեկ բառով ասել, որ այս կամ այն մարդն անբարոյական է, անհայրենիք եւ մարդկային բոլոր որակներից զուրկ անձնավորություն է: Նման մարդկանց կարելի է բնորոշել մեկ բառով. ընտրակեղծարար:

Սա, այսպես ասած, իրավական կողմը: Իսկ ինչ վերաբերում է Հրազդանի ընտրությունների բարոյահոգեբանական կողմին, ապա պետք է նկատել, որ հասարակության զգալի մասը կարծում էր, թե քառօրյա պատերազմից հետո իշխանությունները դասեր կքաղեն եւ թույլ չեն տա փողով ճնշել ազատամարտիկին ու իր թիմին: Քանի որ կյանքը ցույց տվեց, որ նրանք են մեր երկրի սահմաններ պահողը, իսկ ՀՀԿ-ականները` ի դեմս Դանիելյանի, պետության հաշվին հարստացողներն են:

Բայց հիասթափությունն անասելի էր, փողը հաղթեց սկզբունքներին, իրենց ապագան ընտրական այդ գործընթացում տեսնող համարձակ երիտասարդներին, դրա համար էլ ընտրության ավարտից հետո խմբված երիտասարդները հավաքվել էին Կոտայքի մարզպետարանի մոտ` վանկարկելով «Սա-սուն» եւ ցանկանում էին անհնազանդություն իրականացնել: Սակայն Միքայելյանը թույլ չտվեց` խնդրելով պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում անկայունություն չստեղծել:
Բայց Արամ Դանիելյանի թիմակիցները չհասկացան իրավիճակը եւ երեկ գիշեր հարձակվել են Միքայելյանի թիմակիցների վրա` նրանցից հաշիվ պահանջելով, թե ինչու են իրենց «փող բաժանող» ասել: Սակայն ծեծվելով մի կերպ ծլկել են տարածքից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս