Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը քննարկելու նպատակով նախօրեին ՀՀ ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ, մի քանի անգամ հնչած բողոքներից մեկը վերաբերում էր, խորհրդարանական ընտրությունների առաջարկվող կարգին: Սակայն իրականությունն այն է, որ ԸՕ նախագծով առաջարկվող մոտեցումներից միակը, որն իրականում լավն է եւ կարող է նպաստել Հայաստանում քաղաքական դաշտի զարգացմանը, Աժ ընտրություններին կուսակցությունների մասնակցության առաջարկվող համակարգն է:
Մարդ-կուսակցություն ներկայացնող բանախոսներից մի քանիսը լսումների ժամանակ պնդեցին, որ խորհրդարանի ընտրությունները պետք է կազմակերպվեն համամասնական ընտրակարգի ավանդական տարբերակով: Այսինքն՝ խոսքը մինչ այս Հայաստանում կիրառված համակարգի մասին է, որի ժամանակ համամասնական ընտրակարգի դեպքում հանրապետությունը դառնում է մեկ ընտրատարածք, եւ ընտրողը քվեարկում է ընդհանուր կուսակցության օգտին: Եթե տվյալ կուսակցությունը հաղթահարում է անցողիկ` 5 տոկոսի շեմը, ապա մանդատները համամասնական ցուցակի թեկնածուներին տրվում են հերթականությամբ:
Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից պահանջվում է նվազագույնը 25 թեկնածուներից բաղկացած ցուցակ ներկայացնել, ինչպես նաեւ պարտադիր ապահովել, որպեսզի թեկնածուների յուրաքանչյուր տասնյակում առնվազն երկուսը լինեն կանայք: Այս հին համակարգով կուսակցության ղեկավարը կամ ղեկավար անձինք հնարավորություն ունեն միանձնյա որոշել, թե ովքեր պետք է լինեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, այսինքն՝ նրանք են որոշում, թե ով պետք է պատգամավորի մանդատ ստանա, իսկ ովքեր ընդամենը ֆոն ապահովեն:
ԸՕ նախագծով առաջարկվող տարբերակով խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրապետությունը բաժանվում է 13 ընտրատարածքի: Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները ամեն ընտրատարածքում պետք է նվազագույնը 5 թեկնածու առաջադրի, այսինքն՝ հանրապետությունով մեկ ունենա 65 թեկնածուներ: Համամասնական ընդհանուր ցուցակում պետք է լինեն առնվազն 80 թեկնածուներ: Ընտրողը կուսակցության օգտին քվեարկելիս կարող է նաեւ իր ձայնը տալ տվյալ ընտրատարածքում նույն քաղաքական ուժի առաջադրած նվազագույն հինգ թեկնածուներից մեկին:
Մանդատների մի կեսը տրվելու է ընդհանուր համամասնական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության, իսկ մյուս կեսը` ընտրատարածքներում առավել քվե ստացած թեկնածուներին, որոնք տվյալ դեպքում լինելու են իրենց քաղաքական ուժի հաղթանակի հիմնական ապահովողները: Այսինքն՝ գործնականում նշանակություն չի ունենա, թե այս կամ այն թեկնածուն, իր հայրենի կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակի որ հորիզոնականում կլինի, նա կարող է ամենաշատ քվեն ապահովել իր քաղաքական ուժին եւ օրենքի ուժով ստանալ իր մանդատը:
Այս առաջարկին դեմ արտահայտվողները պնդում են, թե փոքր կուսակցությունները հնարավոր է՝ ողջ հանրապետությունում չկարողանան թեկնածուներ առաջադրել, բայց միայն Երեւանի կամ մարզերից որեւէ մեկի ընտրողների տված քվեներով անցողիկ շեմը հաղթահարեն: Իսկ ինչ տեղի կունենա, եթե Հայաստանի ընտրողների մեծամասնությունը եւս հանկարծ որոշի անթեկնածու կուսակցության օգտին քվեարկել: Կստացվի՝ կուսակցությունը կա, որը պետք է իշխանություն դառնա, բայց գործնականում այն չկա: Ուստի լիարժեք արդարացի է իշխանությունների այն մոտեցումը, որ ամեն մի մարզում հինգական թեկնածու չունեցող կուսակցությունը չպիտի ԱԺ ընտրություններին մասնակցի եւ իշխանության հավակնի:
Ավելին՝ առաջարկվող տարբերակի կիրառվելու դեպքում այն պատճառ կդառնա, որպեսզի բոլոր կուսակցություններում, նույնիսկ իշխանական, ներքին մրցակցություն ծավալվի: Իսկ մրցակցությունն ինչպես տնտեսությունում, այնպես էլ քաղաքականությունում, միմիայն դրական արդյունքների կհանգեցնի:
Իսկ ինչ մնում է մարդ-կուսակցություններին, ապա վերջիններս երկու ճանապարհ ունեն. պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ միաձուլվելով խոշորանան կամ էլ պետք է ընդհանրապես լուծարվեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ