«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Future Fashion Faces World-2016» («Աշխարհի ապագա մոդելային դեմքեր-2016») մրցույթին Հայաստանի մասնակցության մասին` նկատելով, որ հայ մոդելները Թուրքիա մեկնելուց չեն խուսափում: Տեղեկացրել էինք, որ մեր մասնակիցները երկուսն են` 23-ամյա Սյուզի Ազարյանը (Երեւան), ով մասնակցել է հեռուստանախագծի եւ բազմաթիվ ցուցադրությունների, եւ 16-ամյա Լիդա Սերոբյանը (Դիլիջան), ով ներգրավվել է նորաձեւության ցուցադրություններում եւ մի շարք մրցույթներում:
Մեր պատվիրակությունը Անթալիա էր մեկնել մարտի 12-ին: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է, որի հիմնադիր Գեւորգ Ասատրյանը «Ժողովուրդ»-ին ուրախությամբ տեղեկացրեց մեր ունեցած ձեռքբերումների մասին: Այսպիսով` մեր մասնակիցներից Լիդա Սերոբյանը դարձել է միանգամից երկու անվանակարգի հաղթող` «Promisingե («Խոստումնալից») եւ «Personality» («Անհատականություն»):
«Շատ դժվար մրցույթ էր, բոլոր մասնակիցները բավական ուժեղ էին, նրանք մոդելային ասպարեզում իրենց երկրների առաջին դեմքերից էին, ինչպես նաեւ` հայտնի հաղորդավարներ. ոչ մի պատահական մարդ չկար: Ես ինքս, լինելով միջազգային ժյուրիի անդամ, նկատեցի, որ ժյուրիի թուրք անդամները, թեեւ բարեհամբույր էին մեր նկատմամբ, սակայն ինչ-որ ներքին «համախմբում» կար. շատ բարձր միավորներ մեզ բաժին չէին ընկնում: Գլխի ընկա, որ դժվարությամբ պետք է հաղթահարեինք խոչընդոտները»,- պատմեց Գ. Ասատրյանը` հավելելով, որ մրցույթը կազմակերպված էր բավական բարձր մակարդակով: Ասոցիացիայի հիմնադիրը նաեւ նշեց, որ մրցույթի` ամենաերիտասարդ մասնակիցը Լիդան էր: Նա վերոհիշյալ անվանակարգերում հաղթող դառնալուց հետո արդեն հասցրել է մասնակցության հրավեր ստանալ ապրիլին Թբիլիսիում եւ Քութայիսում զուգահեռաբար անցկացվելիք «Miss Galaxy-2016» միջազգային մրցույթի տնօրենից:
Նշենք, որ «Future Fashion Faces World-2016»-ին մասնակից երկրների թվում են Ֆրանսիան, Ալբանիան, Բուլղարիան, Պորտուգալիան, Կոսովոն, Նամիբիան, Անգոլան, Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը, Մակեդոնիան, Լատվիան, Լիտվան, Ալժիրը, Շրի Լանկան եւ այլն: Իսկ, օրինակ, Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել մրցույթին. «Որքան հասկացա` պատճառը ֆինանսական խնդիրներն էին»,- ասաց Գ. Ասատրյանը:
Իսկ մրցույթի գլխավոր մրցանակները հավասարապես շնորհվել են 4 հոգու` Թուրքիայից` մեկ արական եւ մեկ իգական սեռի ներկայացուցչի, Կոսովոյից` մեկ արական, Ալժիրից` մեկ իգական սեռի մոդելների:
Աննա Բաբաջանյան