Հարց քաղաքացիներից` ի՞նչ երաշխիքներ ունեն մասնակիցները կենսաթոշակային կուտակումների վերադարձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ երաշխիքներ ունեն մասնակիցները կենսաթոշակային կուտակումների վերադարձի համար:

Ասատուր Մանուկյան (67 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի եւ կառավարելի հաշվետիրոջ համար: Կառավարող ընկերության լուծարման կամ սնանկության դեպքում ֆոնդի միջոցները չեն վտանգվում, քանի որ ֆոնդը չի հանդիսանում կառավարչի սեփականությունը եւ հասանելի չէ կառավարչի բաժնետերերի կամ պարտատերերի համար: Այդպիսի դեպքերում տվյալ ֆոնդերի կառավարումը փոխանցվում է ԿԲ-ի կողմից լիցենզավորված մեկ այլ կառավարչի:
Բացի այդ՝ օրենսդրությունը եւ դրա հիման վրա ստեղծված բազմաթիվ մեխանիզմները, ենթակառուցվածքներն ուղղված են երաշխիքների մի ամբողջ համակարգի ստեղծմանը, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Մասնավորապես, անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգ, ակտիվների տարանջատման օրենսդրական պահանջները, ներդրումների դիվերսիֆիկացիայի պահանջները, անկախ պահառուի ինստիտուտը, անկախ աուդիտի պահանջները, Կենտրոնական բանկի կողմից ամենօրյա վերահսկողությունը եւ այլն:
Բացի վերը նշվածներից՝ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո կստանա առնվազն իր կուտակած միջոցները՝ ճշգրտված տարեկան գնաճով, ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցները ազատվում են սոցիալական վճարներ կատարելու եւ դրա հետ կապված ցանկացած այլ պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետությունում դադարում է գործել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կամ անցում է կատարվում ցանկացած այլ կենսաթոշակային համակարգի:




Լրահոս