Երբ Հայաստանն իր շահերից ելնելով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսամետ դիրքորոշում որդեգրեց, ՀՀ-ի եւ Ուկրաինայի հարաբերությունները կտրուկ սառեցին: Անգամ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը գնաց, ապա երկար բանակցություններից հետո վերադարձավ: Այս ֆոնին բավականին հետաքրքիր է, որ շուտով ՀՀ կժամանի Ուկրաինայի Ռադայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը:
«Ժողովուրդ»-ը վերջինիս այցի շուրջ զրուցեց Ուկրաինայում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ. «Պետք նշեմ, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աննա Հոպկոյի հետ պայմանավորվածությունը Հայաստան ժամանելու հետ կապված ձեռք է բերվել դեռեւս այս տարվա հունվարին, երբ ՀՀ-ի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը գտնվում էր Կիեւում: Տիկին Հոպկոյի հետ հանդիպման ժամանակ պարոն Զաքարյանը նրան հրավիրեց ՀՀ, որպեսզի 2 երկրների հանձնաժողովների միջեւ համագործակցությունը վերականգնվի: Չնայած առ այսօր ժամանման օրը դեռեւս ճշտված չէ, բայց տիկին Հոպկոն հայտնեց իր պատրաստակամությունը պատվիրակությամբ այցելելու Հայաստան: Ժամկետները ճշտվում են: Բացի այդ նշեմ, որ մարտի 30-ին Հայաստան է ժամանելու նաեւ Ուկրաինայի ԱԳՆ եվրոպական երկրների վարչության պետ Յուրի Մուժկան»:
Դեսպան Մանուկյանը հիշեցրեց, որ ամեն ինչ սկսվեց 2014թ մարտից, երբ ՄԱԿ-ում ՀՀ-ն Ղրիմի հարցով դեմ քվերակեց Ուկրաինային` պահպանելով ռուսական դիրքորոշում: «Ադրբեջանական լոբին բոլոր միջոցները կիրառում էր, որպեսզի ուկրաինական լրատվամիջոցներով հակահայկական հիստերիա առաջացնի ուկրաինացիների մոտ:
Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի չեզոքացնենք նրանց քայլերը: Դա մեզ մոտ ստացվում է: Հույս ունեմ, որ ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական հարաբերությունները շուտով կկարգավորվեն, եւ մենք, որպես բարեկամ ժողովուրդներ, կմնանք դարերով բարեկամ»: