Իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ. Արամ Դանիելյանի «քաջագործությունները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ընտրությունների ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահման խնդիրը մշտապես մնում է չլուծված: Այստեղ վերահսկողությունը թերեւս կաղում է:

Ընդդիմությունը սովորաբար մասնակցում է համապետական ընտրություններին, ուստի մեզանում, որպես կանոն, քննարկվել է երկրի ղեկավարների, նախարարների, մարզպետների եւ մնացած գերատեսչությունների ղեկավարների կողմից ընտրություններում պետական լծակները օգտագործելու խնդիրը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հիմնականում անցել են առանց լուրջ պայքարի, եւ դրանցում պաշտոնական դիրքի չարաշահման հարցը առանձնապես քննարկման առարկա չի դարձել, այնինչ պաշտոնական դիրքի չարաշահման խնդիրն առավել տեսանելի է դառնում հենց ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Քաղաքապետի կամ գյուղապետի ընտրությունների ժամանակ, բացառությամբ Հայաստանի երեք խոշոր քաղաքների` Երեւանի, Գյումրի եւ Վանաձորի, ընտրողների թիվը փոքր է, եւ համայնքի գործող ղեկավարը փաստացի հնարավորություն ունի նույն համայնքի միջոցներն օգտագործել բնակչությանը, այսինքն՝ ընտրողներին կաշառելու նպատակով: Իհարկե, տեսականորեն համայնքի ավագանին հենց նրա համար է, որպեսզի համայնքի ղեկավարին նման կամայականություններ չթույլատրի, սակայն հայկական իրականությունն այն է, որ համայնքի ավագանիները սովորաբար նույն համայնքի ղեկավարի թիմակիցներն են եւ նրանք իրենց պահում են իբրեւ քաղաքապետի կամ գյուղապետի ենթականեր ու երբեք չեն համարձակվի նրան հակաճառել:

Այսինքն՝ իրականությունն այն է, որ եթե քաղաքապետերը կամ գյուղապետերը որոշեն նախընտրական շրջանում համայնքի միջոցներով ընտրողներին կաշառել, ապա նրանց ձեռքը բռնելու գործնական միջոց չկա: Իհարկե, ՀՀ գործող ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը քաղաքական պաշտոն զբաղեցնողների, այսինքն՝ քաղաքապետերի եւ գյուղապետերի համար սահմանում է «Արգելվում է թեկնածուի… կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»:

Բայց ողջ խնդիրն այն է, որ գործող քաղաքապետ-թեկնածուի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահումը կարող է նաեւ ներկայացվել իբրեւ բնականոն գործունեություն: Նա իր համայնքի ընտրողներին սկսում է առանց մերժման ընդունել եւ նրանց «օգնություններ» է տրամադրում, հողեր է նվիրում կամ վարձակալության հանձնում ու այսպես շարունակ: Այս մոտեցումը կիրառվում է նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն մրցակից չունի: Բնակիչներին սովորաբար թվում է, թե իրենք շահում են եւ «մի բան էլ իրենք են օգտվում», սակայն իրականում տվյալ քաղաքապետը կամ գյուղապետը, շարունակելով պաշտոնավարել, ընտրողի «քթից բերում» է նրանց տրված գումարները` պարտադրելով ապրել քանդուքարափ համայնքում: Հայաստանում հիմնականում հենց վերը նկարագրված տարբերակով էլ ամեն ինչ տեղի է ունենում: Արդյունքում, տարիներն անցնում են, իսկ քաղաքաները եւ գյուղերը շարունակում են մնալ նույն ավերված վիճակում, ու բնակիչները մեկը մյուսի ետեւից ճամպրուկները հավաքում եւ հեռանում:

Ավելին՝ այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարի ընտրություններում նաեւ ընտրապայքար է ծավալվում, մեկ այլ վտանգ էլ գոյություն ունի` գործող քաղաքապետը կամ գյուղապետը պարզապես քամուն է տալիս համայնքի բյուջեն` գիտակցելով, որ պարտվելու է: Արդյունքում, նրան հաղթած թեկնածուն պարզպես կանգնում է համայնքի բյուջեի դատարկված լինելու փաստի առաջ: Նա չի կարող բնակիչներից բյուջեի գումարները ետ հավաքել: Լավագույն դեպքում կարող է իր նախորդին դատի տալ, բայց դրա արդյունքում փոշիացած գումարները, միեւնույն է, ետ չեն վերադառնա:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Օրերս «Հետք»-ի կայքում մի հոդված էր հրապարակվել, որը վերաբերում էր Հրազդանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի կողմից համայնքի բյուջեով սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար նախատեսված միջոցները սրընթաց ծախսելու փաստին: Փաստորեն, Դանիելյանը երկու ամսում` հունվար-փետրվար ամիսներին, արդեն իսկ հասցրել էր վերը նշված նպատակի համար նախատեսված 9 մլն 775 հազար դրամից 4 մլն 845 հազար դրամը ծախսել:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից «ժողովուրդ»-ին տրված պատասխանի համաձայն՝ 9 մլն 775 հազար դրամը նախատեսված է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար: Այլ կերպ ասած, ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության՝ արտառոց ոչինչ չկա, որ այդ գումարի կեսն արդեն իսկ ծախսվել է: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ մարտի 24-ին Արամ Դանիելյանը եւս մեկ որոշում է ստորագրել, որով նա համայնքի բյուջեից 4 մլն 40 հազար դրամ է հատկացրել 136 հոգու` օգնություն տրամադրելու նպատակով: Ի դեպ, ի տարբերություն նախորդ որոշումների՝ այս մեկից օգտվողների ցանկը երեկվա դրությամբ դեռեւս չէր հրապարակվել:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հրազդանի գործող քաղաքապետը կիսամյակի համար նախատեսված գումարը երեք ամսում արդեն գրեթե սպառել է: Իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ սկզբունքով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս