Հունիսի 27-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւան կատարած այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ստորագրել էր 20-կետանոց երկկողմ պայմանագիր: Եվ ահա «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրներն այս կապակցությամբ բավական ուշագրավ մանրամասներ են պատմում: Պարզվում է` ստորագրված պայմանագրի տեքստն անծանոթ է եղել հայկական կողմին, քանի որ դրա մշակման գործընթացին Հայաստանից որեւէ մեկը չի մասնակցել: Եվ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է այն թղթերի տակ, որոնք իր հետ բերել է Բորդյուժան: Սրանում, թերեւս, չկա որեւէ արտառոց բան. ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ կերպով համաձայնել են այն ամենին, ինչ առաջարկել է «մեծ եղբայր» Ռուսաստանը: ԱԱԽ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հերքեց այս լուրերը` դրանք որակելով անհեթեթություն: «Նման կարեւորագույն պայմանագրերը ո՞նց կարող են միակողմանի մշակվել»,-ասաց նա, սակայն այդպես էլ չտեղեկացրեց, թե հայկական կողմից կոնկրետ ով է մասնակցել այդ պայմանագրի մշակմանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ