Բազմաթիվ խնդիրները թողած՝ Արմավիրի մարզպետարանը շարունակում է շռայլությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզն ունի 97 գյուղ, որոնցում առկա բազմաթիվ խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում: Օրինակ` մարզի Կողբավան գյուղում մարդիկ խմելու ջուրը գնում են, որովհետեւ ջրագիծ քաշելու համար հսկայական գումարներ են պետք, որը գյուղապետարանը չունի: Նույն գյուղում նաեւ դպրոց չկա: Մարզի բնակիչները բանկերից եւ այլ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերով են գոյատեւում, որոնց մեծ մասը չմարելու հետեւանքով դարձել են ժամկետանց՝ այդպես կուտակելով հսկայական պարտքեր:

Նույն մարզի սահմանամերձ Բագարան, Երվանդաշատ գյուղերում երկար ժամանակ է, ինչ հասարակական տրանսպորտ չկա: Գյուղեր կան, որտեղ մանկապարտեզ չկա: Թեեւ պետական միջոցներից որոշակի գումար հատկացվում է նաեւ գյուղապետարանների գնումների համար, սակայն դրանք այնքան չնչին են, որ մանկապարտեզ կառուցելու կամ ջրագիծ անցկացնելու մասին խոսելն անգամ ավելորդ է:

Եվ այս իրավիճակում առկա խնդիրները լուծելու կամ փոքր-ինչ մեղմելու փոխարեն մարզպետարանը ընթացիկ տարվա համար նախատեսված գնումների գործընթացում գերավճարներ է կատարում:

Օրինակ՝ մարզպետարանի աշխատակազմը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 7 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ 3 մլն 307 հազար 500 դրամով, որի յուրաքանչյուր լիտրի համար վճարել է 450 դրամ: Անհասկանալի է, թե ինչու է մարզպետարանը գնել ավելի թանկ պրեմիում տեսակի բենզին, այն դեպքում, երբ մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրները բազմահազար են, իսկ պետական միջոցները` սուղ: Դեռ ավելին՝ պրեմիում տեսակի բենզինը գնվել է 450 դրամով, այն դեպքում, երբ այսօր բենզալցակայաններում կոնկրետ այդ տեսակի բենզինի մեկ լիտրը յուրաքանչյուրը կարող է գնել 390-400 դրամով:

Չբավարարվելով պրեմիում տեսակի բենզինով՝ մարզպետարանը ընթացիկ տարվա համար գնել է նաեւ ռեգուլյար տեսակի բենզին, ավելի քան 8.5 տոննա՝ մոտ 3 մլն 690 հազար դրամով: Ինչպես պրեմիումի, այնպես էլ ռեգուլյարի գնման գործընթացում մարզպետարանը գերավճար է կատարել` մեկ լիտրի համար վճարելով 430 դրամ, այն դեպքում, երբ այն բենզալցակայաններում վաճառվում է 380-390 դրամով: Ավելորդ է ասել, որ եթե մարզպետարանի աշխատակազմը ողջամիտ գտնվեր, ապա ե՛ւ պրեմիում, ե՛ւ ռեգուլյար տեսակի բենզինի գնման դեպքում հսկայական գումարներ կտնտեսեր:
Բացի այս, մարզպետարանը գնել է նաեւ բութան գազ, որի համար վճարել է 3 մլն դրամ:

Այսինքն՝ մեկ խմ-ի դիմաց վճարել է 200 դրամ: Բութան գազի գնման դեպքում նույնպես մարզպետարանը կարող էր գումար տնտեսել եւ ավելի ցածր գնով ձեռք բերել, քանի որ այն ՀՀ տարբեր գազալցակայաններում տարբեր գներով է վաճառվում՝ 170-200 դրամ: Նաեւ մարզպետարանը ավտոպահեստամասեր է գնել՝ մոտ 900 հազար դրամով, իսկ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար մարզային բյուջեից հատկացվել է 208 հազար դրամ, դրանց լվացման համար՝ 300 հազար դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 320 հազար դրամ:

Իսկ, ահա, տեղական հեռախոսային ծառայությունների համար մարզային բյուջեից հատկացվել է 1 մլն 800 հազար դրամ, միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար էլ` 3 մլն 309 հազար 400 դրամ: Իսկ մարզպետարանի կոմունալ ծախսերի ընդհանուր վարձը կազմել է 15 մլն 346 հազար 200 դրամ: Ընթացիկ տարում սպառվելիք գազի համար մարզպետարանը նախատեսել է վճարել մոտ 5 մլն 300 հազար դրամ, էլէներգիայի համար՝ մոտ 10 մլն դրամ, իսկ խմելու ջրի համար` մոտ 200 հազար դրամ:
Մարզպետարանը ընթացիկ տարում ծրագրել է նաեւ մշակութային օբյեկտների հիմնանորոգում, որոնց համար նախատեսել է 47.5 մլն դրամ, իսկ դրանց նախագծերի պատրաստման եւ ծախսերի գնահատման համար՝ 2.5 մլն դրամ: Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 88 մլն 400 հազար դրամ, որի նախագծերի պատրաստման եւ գնահատման համար հատկացվել է 8.5 մլն դրամ:

Ամփոփելով` նկատենք, որ մարզպետարանները, համայնքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, այլ լուրջ գործառույթներ չունեն կամ էլ դրանք այնպիսին են, որ կարող են իրականացվել համապատասխան նախարարությունների կողմից: Եւ եթե մի գեղեցիկ օր մարզպետարանները փակվեն, ապա ո՛չ պետական կառավարումը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարումը դրանից առանձնապես չեն տուժի: Ընդհակառակը, կխնայվեն հսկայական պետական միջոցներ: Իսկ թե ինչ չափի, կարելի է պատկերացում կազմել հենց Արմավիրի մարզպետարանի գնումների օրինակով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս