Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:
Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Այդ օրը մարդիկ պետք է իրար նվերներ տան, իսկ երեխաներին նվիրեն գրքեր, մատիտներ, զանազան խաղալիքներ: Եվ ինչքան էլ ավանդույթները նույնն են, սակայն յուրաքանչյուր մարզում այն ունի նշելու իր առանձնահատկությունները:
Արցախում այս տարի նույնպես մեծ շուքով տոնեցին Սուրբ Զատիկը: Դադիվանքում տեղի ունեցավ տոնին նվիրված մեծ միջոցառում, որին ներկա էին բազմաթիվ գյուղացիներ Դադիվանքից, Նոր Բրաջուրից և Եղեգնուտից: «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը, որը Երևանից էր ժամանել, բազմաթիվ պարեր ցուցադրեց: Իսկ ահա գյուղացիների հյուրասիրությունը ամբողջացրեց օրվա միջոցառումը:
Արփինե Թովմասյան