Ինչ վիճակում է գտնվում գայլի հարձակումից տուժած 75-ամյա կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչիկ գյուղում գայլի հարձակումից լուրջ վնասվածքներ ստացած 75 ամյա կնոջ վիճակը կայունացել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

«Հիվանդի գիտակցությունը տեղն է: Արհեստական շնչառական սարքն անջատված է, հիվանդն արդեն շնչում է ինքնուրույն: Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է և սպասում է հաջորդ վիրահատությանը»,- ասել Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, գայլի հարձակումից տուժած կինը մեկ անգամ վիրահատվել է: Նախ վիրաբուժական մշակում է կատարվել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնվել է աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել: Աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 75-ամյա բնակչուհին գայլի հարձակումից դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել: Նա սկզբում բժշկական օգնություն է ստացել Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:




Լրահոս