«Հրապարակված տեսանյութում առկա են միայն Հրազդանում դեռևս վատ վիճակում գտնվող փողոցների նկարահանումները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ:        

«ArmLur.am կայքում հրապարակված «Ի՞նչ է արել Հրազդանի քաղաքապետը փողոցների համար հատկացված կես մլրդ դրամով  (տեսանյութ)» հրապարակումն ունի որոշակի պարզաբանումների անհրաժեշտություն:

Նախ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր   Ն. Փաշինյանի հարցմամբ տրամադրված տեղեկատվության /կադրում երևում է Հրազդանի քաղաքապետարանի կողմից Ն. Փաշինյանի հարցմանն ի պատասխան տրամադարված տեղեկատվական թերթիկի նկարահանումը/ հիման վրա կառուցված հրապարակումը բավականաչափ միակողմանի է և ունի անաչառության ապահովման անհրաժեշտություն:

Հարկ է նկատել, որ Հրազդանի քաղաքապետ, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի նախաձեռնությամբ ինչպես պետական աջակցության արդյունքում, այնպես էլ համայնքի բյուջեի հնարավորությունների սահմաններում պարբերաբար իրականացվել է Հրազդանի փողոցների և թաղամասերի ընդհանուր և մասնակի հիմնանորոգման աշխատանքներ:

Եվ Armlur.am կայքին տրամադրված համապատասխան հարցազրույցում Ա. Դանիելյանը պարբերաբար ներկայացրել է այդ աշխատանքների շարունակական լինելն ու խոսել է այն մասին, որ իր պաշտոնավարման տարիներին տարբեր թաղամասերում կատարվել են ամբողջական և մասնակի ասֆալտապատումներ, որոնք շեշտակիորեն և նկատելիորեն գերազանցում է մինչ իր պաշտոնավարումը քաղաքի ասֆալտապատման համակարգում կատարված աշխատանքների ցուցանիշները:

Սակայն համապատասխան տեսանյութում, ոչ համապատասխան համատեքստով, ցուցադրվում է միայն Ա. Դանիելյանի հարցազրույցի մի նախադասությունը՝ առանց ասվածի ենթատեքստը ևս ներկայացնելու:

Ավելին, հրապարակված տեսնյութում առկա են միայն Հրազդան քաղաքում դեռևս վատ վիճակում գտնվող փողոցների նկարահանումները, այնինչ լրագրողական անաչառությունից ելնելով՝ հրապարակում պատրաստողը պարտավոր էր ապահովել նյութի անկողմնակալությունը:

Չցանկանալով կատարել թվական մեջբերումներ, քանի որ համապատասխան կայքի խմբագրությունում արդեն իսկ առկա են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հարցման հիման վրա տրամադրված թվական տվյալները, ցանկանում ենք հորդորել նմանատիպ հրապարակումներ պատրաստելիս լինեք առավելագույնս անկողմնակալ:

Հակառակ պարագայում լրատվամիջոցների ղեկավարության և թեկնածուների միջև առկա մտերմություններն անդրադառնում են լրագրողական դասական կանոնների պահպանման և լրատվամիջոցի ունեցած հեղինակության վրա:

Արամ Դանիելյանի կողմից համայնքում առկա խնդիրները երբեք չեն թաքցվել, և մեզ համար ընդունելի է արվածի ու անելիքների մասին նույն հարթության վրա խոսելու և ամեն ինչ միակողմանիորեն չսևացնելու գործելաոճը:

Հարգանքով

Ա. Դանիելյանի ընտրական շտաբի

մամուլի ծառայություն




Լրահոս