Գագիկ Ծառուկյանի կինը շարունակում է շռայլ գնումները. 12 մլն դրամով ականջօղ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի մասին մշտապես խոսվել է. նրա աստղաբաշխական ունեցվածքը, հիրավի, կարող է զարմանք պատճառել շատերին: Ազգային ժողովի պատգամավորն արդեն ներկայացրել է իր գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, և առկա տվյալները վկայում են վերը նշվածը:

Այսպես, Ծառուկյանի դրամական միջոցները 2015թ. սկզին կազմել են 33 միլիարդ 976 միլիոն 900 հազար դրամ, 30 միլիոն 373 հազար ԱՄՆ դոլար եւ 26 միլիոն 352 հազար եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 157 միլիոն դրամ, 19 միլիոն 717 հազար դոլար եւ 13 միլիոն 108 հազար եվրո:

Նա 2015 վականին միայն աշխատավարձի շնորհիվ ունեցել է 5 միլիոն 219 հազար 790 դրամի եկամուտ, գույք օտարելուց ստացել է 1 միլիոն 499 հազար 937 դոլարի եկամուտ, վարձակալության` առանձին 20 և 30 միլիոն դրամ: Բացի այդ,  5 ընկերությունում ունեցած շահաբաժնից ստացել է  473 միլիոն 387 հազար 708 դրամ, 1 միլիարդ 431 միլիոն 372 հազար 800 դրամ, 7 միլիոն դրամ, 34 միլիոն դրամ և 2 միլիոն 494 հազար 458 եվրո:

Հետաքրքիր է Ծառուկյանի կնոջ` Ջավահիր Ծառուկյանի հայտարարագիրը: Նրա հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ 810 հազար դրամով հողամաս է ձեռք բերել, իսկ 899 հազար 184 դրամով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Ջավահիր Ծառուկյանը նույն տարում 12 միլիոն 493 հազար դրամով (25 հազար 865 դոլար) ականջօղ է գնել:

Ջավահիր Ծառուկյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբին կազմել են 22 միլիոն 700 հազար դրամ, 25 հազար 700 ԱՄՆ դոլար եւ 30 հազար 400 եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 20 միլիոն 150 հազար դրամ, 31 հազար ԱՄՆ դոլար եւ 27 հազար 600 եվրո: Հավելենք, որ Ջավահիր Ծառուկյանը նման շքեղ գնումներ հաճախ է կատարում: Նախորդ տարի ևս նա զարդեր էր գնել և դրանց համար մեծ գումարներ վճարել. օրինակ, 490 հազար դոլար արժողությամբ պլատինե կախազարդ, 35 հազար դոլարով ապարանջան, 25 հազար դոլարով ականջօղ, 470 հազար դոլարով պլատինե մանյակ:




Լրահոս