Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհրդի կազմում որպես ղեկավար չեն կարող նշանակվել քաղաքական կուսակցության կառավարման մարմնի անդամները:
Մասնավորապես, իր եզրակացության մեջ պատգամավորը նշում է, որ ներկայումս, գրեթե բոլոր ԲՈՒՀ-երի խորհուրդների նախագահներն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, որն էապես ազդում է տվյալ ԲՈՒՀ-ի գործունեության, ինչպես նաեւ տվյալ ԲՈՒՀ-ի վերաբերյալ հասարակական ընկալումների վրա:
«Կրթական համակարգերը պետք է զերծ մնան տարատեսական քաղաքական խաղերից, քաղաքական շահարկումների թիրախ դառնալուց, այդ դեպքում միայն ԲՈՒՀ-երը կպատրաստեն անկախ մտածելակերպով, բարձր իրավագիտակցությամբ օժտված կառավարման համակարգի համար պիտանի մասնագետներ: Ապաքաղաքականացնելով ԲՈՒՀ-ական խորհուրդները՝ դրանով իսկ ԲՈՒՀ-ական խորհուրդների համար հնարավորություն կընձեռվի վերջիններիս կողմից առավել անկախ որոշումներ կայացնել», – նշել է պատգամավորն իր հիմնավորման մեջ:
Սակայն ինչպես սպասելի է, կառավարությունը դեմ է ներկայացված նախագծին և որպես հիմնավորում նշել է, թե բացակայում են օրենքի նախագծի ընդունման իրավական հիմքերը եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Մարտի 30-ին այս նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում. իսկ հիմնական զեկուցողն էլ կլինի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ընդգծենք, որ այժմ բուհերում խորհրդի ղեկավարներ հենց ՀՀԿ պաշտոնյաներն են: Օրինակ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը Գալուստ Սահակյանն է, նախկին նախարար Արմեն Աշոտյանը հանդիսանում է Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Պոլիտեխնիկական համալսարանի խորհրդի նախագահը ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն է, իսկ Տնտեսագիտական համալսարանինը`վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այսպիսով, Պողոսյանը ձեռնոց է նետում ՀՀԿ վերնախավին, կհաջողվի թե ոչ, ցույց կտա ժամանակը: