ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր դեպքում է վարչական իրավախախտումը համարվում դիտավորությամբ կատարված եւ ո՞ր դեպքում անզգուշությամբ կատարված:
Սվետլանա Միրզոյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված պահանջների՝ սահմանվել է հետեւյալը. Ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետեւանքները եւ ցանկացել դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետեւանքների առաջացումը: Ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետեւանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթեւամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետեւանքներ առաջանալու հնարավորությունները, թեեւ պարտավոր էր եւ կարող էր կանխատեսել դրանք:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ եւ վայրում գործող օրենսդրության հիման վրա: