ՀԱՄԲՈՒՅՐԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ. ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից հայ կինոյում հաճախ չենք հանդիպի սիրային պատկերներն ամբողջացնող համբույրի տեսարանների, ուստի այն դերասանները, որոնք քաջություն են ունեցել գնալ այդ քայլին, ակամայից առանձնանում են մյուսներից: Նրանցից ոմանք պարզապես իրենց գործն են անում, եւ բնական է, որ ծիծաղելի են համարում քննարկել իրենց աշխատանքի այդ բաղկացուցիչ մասը, իսկ ոմանք էլ նման տեսարաններում նկարահանվում են հանդիսատեսի կողմից հիշվելու եւ հենց քննարկվելու նկատառումներով: «Ժողովուրդ»-ը շարունակում է զրուցել համբույրի տեսարաններում նկարահանված հայ դերասան-դերասանուհիների հետ: Այս անգամ մեր ընտրությունը կանգ է առել դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի վրա:

-Տաթե՛ւ, Ձեզ հանդիսատեսների լայն շրջանակը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում (2015թ. ռեժիսոր` Ելենա Արշակյան) գխավոր հերոսուհուն մարմնավորելուց հետո: Այստեղ Դուք Տիգրան Մակարյանի հետ հանդես եկաք համբույրի տեսարանում, որը բավական քննարկվեց հանրության կողմից: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար հրավիրել էին հենց Ձեզ, քանի որ Դուք համաձայնել էիք նկարահանվել բաց տեսարաններում:
-Այո՛, նման խոսակցություններ կային, բայց ես դրանից հետո ներգրավվեցի «Երկրաշարժ» ֆիլմում, որտեղ իմ մասնակցությամբ ոչ մի բաց տեսարան չկա: Ու ես սկսեցի ծիծաղել այդ մարդկանց վրա:
-Երեւի այդ խոսակցությունները տարածում են ոչ պրոֆեսիոնալները, որոնք ամեն հարմար առիթով խոսում են այն մասին, թե իրենք երբեք չեն նկարահանվի բաց տեսարաններում` այդպիսով ձեւավորելով հասարակական կարծրատիպային մտածելակերպ:
-Եթե այդ ոչ պրոֆեսիոնալ, արվեստի հետ կապ չունեցող մարդիկ չհայտնվեն եթերում եւ հարթակը թողնեն մասնագետներին, այդ խնդիրը չի առաջանա: Նման մարդիկ փչացնում են քո աշխատանքը: Ամեն դեպքում, ես նրանց ասածներով չեմ հետաքրքրվում, ես իմ աշխատանքն եմ կատարում: Չես հասկանում` ինչ է տալիս նրանց այդ հայտարարությունը, թե բաց տեսարններում չեն նկարահանվի: Ես մի աղջկա եմ ճանաչում, որը կապ չունի դերասանության հետ, բայց նկարահանվում է: Նա որոշ ժամանակ առաջ ինձ ասում էր, որ երբեք նման տեսարաններում հանդես չի գա, որոշ ժամանակ հետո ես տեսա, որ մի քանի ֆիլմում նկարահանվել է համբույրի տեսարաններում: Այսինքն` նա այդ քայլին գնաց առաջին իսկ շանսի դեպքում:
-Ամեն դեպքում, մեզ մոտ էլ սառույցը կարծես քիչ-քիչ հալվում է…
-Այո՛, եւ պետք է ասեմ, որ դրան մեծապես նպաստեցին Խորեն Լեւոնյանը եւ Նազենի Հովհաննիսյանը. նրանք ժամանակակից հայ կինոյում առաջիններից էին, որ ռիսկ արեցին նկարահանվել համբույրի տեսարանում, ինչը ողջունելի քայլ էր: Իսկ, առհասարակ, դերասանը մեկն է, ով արվեստ է ստեղծում, ես, օրինակ, մտադիր չեմ համոզել հանդիսատեսին ընկալել կամ ընդունել ինձ:
-Բարձրորակ արտադրանք ստանալուն խանգարում են ոչ միայն Ձեր նշած ոչ պրոֆեսիոնալ դերասանները, այլեւ թույլ ռեժիսորն ու պրոդյուսերը..
-Այո՛, այսօր ամեն գումար հայհայթող համարվում է պրոդյուսեր. այդպես չէ: Ռեժիսորն էլ պետք է լինի պրոֆեսիոնալ եւ երբեք չհրավիրի այսինչ դերասանին միայն այն բանի համար, որ նա չի մերժում նկարահանվել բաց տեսարաններում: Չնայած ես չեմ պատկերացնում` այդ ինչ պետք է լինի, որ դերասանը չխաղա նման տեսարաններում: Ամեն դեպքում, ես լավատես եմ եւ կարծում եմ` մեր ունեցած լավ մասնագետների շնորհիվ Հայաստանում կունենանք որակյալ կինոարտադրություն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Մարտի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանին վերջին հրաժեշտ արարողությունը կկայանա մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

 

 

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏԱ
Երաժիշտ Քուրտ Քոբեյնի դուստրը ցանկանում է պաշտպանել 450 միլիոն դոլարի կարողությունն ամուսնուց, որից նա այժմ ամուսնալուծվում է։ Ֆրենսիս Բին Քոբեյնը բաժանվում է ամուսնությունից 21 ամիս անց։ Նրա ամուսինը The Eeries խմբից Իսայա Սիլվան է։ Բաժանման պատճառը, ըստ Nirvana խմբի մենակատարի դստեր, «անհամատեղելի հակասություններն են»։
23-ամյա Քոբեյնը փորձում է պաշտպանել իր կարողությունը եւ խնդրում է, որ բոլոր մինչամուսնական ակտիվները, այդ թվում՝ հորից ստացած ժառանգությունը նա ստանա որպես սեփականություն, որը ենթակա չէ կիսվելու։
Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ Քոբեյնը դեմ չէ նախկին ամուսնուն ալիմենտներ վճարել։
 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
ԱՄՆ¬ում վախճանվել է հայտնի դերասան Քեն Հովարդը: Դերասանը մահացել է 71 տարեկան հասակում` Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող իր բնակարանում: Նշենք, որ դերասանը հայտնի է «1776» ֆիլմում խաղացած իր դերով, որտեղ նա մարմնավորել է ԱՄՆ¬ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնին, ինչպես նաեւ «Մամխի թփուտում երգողները» սերիալից: Նա «Թոնի» թատերական մրցանակի եւ «Էմմի» հեռուստատեսային պարգեւի դափնեկիր է: Հովարդը 2009 եւ 2011 թվականներին գլխավորել է կինոդերասանների գիլդիան:




Լրահոս