Շաբաթ օրը կլրանա Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարելիցը: 2013թ-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Հրաչ Մուրադյանը սպանվել էր հենց գյուղապետարանի դիմաց՝ հրազենից արձակված կրակոցներից: Արցախյան ազատամարտի մասնակից գյուղապետի սպանությունից 3 տարի անց գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս կատարված սպանությունը բացահայտված չէ:
Հիշեցնենք, որ դաշնակցականի սպանությունը կատարելու կասկածանքով 2013թ-ի ապրիլի 2-ին կալանավորվեց նույն համայնքի բնակիչ Արայիկ Պետոսյանը, որը 9 ամիս անց` դեկտեմբերի 25-ին, նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ազատ արձակվեց՝ սպանությանն առնչություն ունենալու կասկածների չհաստատվելու հիմնավորմամբ: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված գյուղապետի որդին՝ Գեւորգ Մուրադյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ասաց. «Նախաքննությունը ձեւական է, համենայնդեպս, իրենց կատարած նախաքննությունը եւ միչեւ հիմա գործի ընթացքը ցույց են տալիս, որ նախաքննությունը ուղղակի բառ է, ուրիշ ոչինչ»: